Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը» նախատեսվում է հաստատել դեկտեմբերին: Այս մասին երեկ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստի ժամանակ:
Փոխնախարարը նշել է, որ այդ ուղղությամբ Հայաստանն աշխատանքներ է իրականացնում: Անդրադառնալով ՀՀ օրենսդրությունը Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու խնդրին՝ Քոչարյանը կարծիք է հայնտել, որ Երևանը մինչև փետրվար գործնականում պատրաստ կլինի Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի ստորագրմանը:
ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին անդրադարձել է Մաքսային միության շրջանակներում համագործակցության ձևաչափին և այս համատեքստում կարևորել է ռուսերենի իմացության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերը, կրթամշակութային կենտրոնների զարգացումը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև հայ և ռուս խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության և փոխաջակցության խնդիրները: Հայ խորհրդարանականները ներկայացրին այն մտահոգությունները, որոնք ունի հայ հասարակությունը եվրասիական ինտեգրման և Մաքսային միության անդամակցության գործընթացներում: ԱԺ կայքի փոխանցմամբ՝ դրանք, մասնավորապես, վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորություններին, հեռահաղորդակցության և անվտանգության ապահովման խնդիրներին:
Այնուհետև նիստի աշխատանքները շարունակվել են կլոր սեղանի ձևաչափով:
«Խորհրդարանների դերը և Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրման գործընթացների զարգացման հեռանկարները» թեմայով ելույթներ ունեցան հայ և ռուս պատգամավորները, կառավարության անդամներ, փորձագետներ: Նիստի ավարտին ընդունվեց համատեղ հայտարարություն: Հայտարարությանը դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: