Քաղաքական և ռազմական վերլուծության ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը «Ռուսական մոլորակ» (Русская планета) ամսագրում վերլուծում է Ղարաբաղում, իր կարծիքով, անխուսափելիորեն վերսկսվելիք պատերազմի սցենարներն ու հետևանքները: Նա Երևանին խորհուրդ է տալիս գումար գտնել՝ նոր զենք ձեռք բերելու համար:
Խրամչիխինը, մասնավորապես, գրում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում առևտրային շահ ունի. «Բաքուն գումարներ է վճարում, իսկ Երևանը՝ ոչ: Հետևաբար, նորագույն տեխնիկա ստանում է Ադրբեջանը, այլ ոչ թե Երևանը»:
«Ընդհանուր առմամբ, Հայաստանի և ԼՂՀ-ի Զինված ուժերի ընդհանուր ներուժը, հաշվի առնելով առկա ամրություններն ու անձնակազմի բարձր մարտական հատկությունները, դեռևս ի վիճակի է դիմադրել Ադրբեջանի Զինված ուժերի հասցրած հարվածին (եթե Ռուսաստանը երաշխավորում է Թուրքիայի չմիջամտելը): Միտումները, սակայն, հայկական կողմի համար բարենպաստ չեն՝ Ադրբեջանի առավել բարձր տնտեսական հնարավորությունների պատճառով: Ադրբեջանն արդեն հիմա ճնշող առավելություն ունի օդում, որը դեռևս փոխհատուցվում է Հայաստանի և Ղարաբաղի հզոր հակաօդային պաշտպանությամբ (ՀՕՊ): Ռուսական մատակարարումները շոշափելի առավելություն կապահովեն նաև ցամաքում: Մասնավորապես, ТОС-1А ծանր կրականետ համակարգերն ու «Սմերչը» շատ օգտակար կլինեն Ղարաբաղում հայերի պաշտպանական ամրությունները կոտրելու համար:
Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, այսինքն, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը պարտավոր են պատերազմի դեպքում (եթե այն սկսի Ադրբեջանը) նրան օգնության հասնել: Որևէ կասկած չկա, սակայն, որ իրականում դա տեղի չի ունենա: Մոսկվան նավթագազային խնդիրների պատճառով, որոնք նրան թույլ չեն տալիս լրջորեն կռվել Բաքվի հետ, ու ընդհանրապես, չցանկանալով ներքաշվել լուրջ պատերազմի մեջ, իր համար «արդարացում» կգտնի. չէ՞ որ Ադրբեջանը հարձակվում է ոչ թե հենց Հայաստանի, այլ Ղարաբաղի վրա, որը ոչ ոքի կողմից չի ճանաչվել ու ՀԱՊԿ-ի կազմի մեջ չի մտնում: Միևնույն ժամանակ, «կմոռացվի» այն փաստը, որ 2008 թվականին Վրաստանի նմանատիպ վարքը՝ հարձակումը, ոչ ոքի կողմից չճանաչված Հարավային Օսիայի վրա, Մոսկվան հայտարարեց չարանենգ ագրեսիա: Իսկ պատկերացումն այն մասին, որ Հայաստանին օգնության կգան ՀԱՊԿ-ի մյուս երկրները, այնքան անհեթեթ է, որ անգամ անիմաստ է այն քննարկել:
Մյուս կողմից, Թուրքիան նույնպես չի համարձակվում հարձակվել՝ Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական առճակատման ռիսկի պատճառով, թեև կարող է հայկական սահմանի մոտ ուժի ինչ-որ ցուցադրություն կազմակերպել:
Իրանը նախորդ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ պարզ ցույց տվեց, թե «մահմեդական սոլիդարությունը» ինչ ցնորք է՝ աջակցելով ոչ թե մահմեդական Ադրբեջանին, այլ ուղղափառ (Խրամչիխինի խոսքով – Epress.am) Հայաստանին: Դա բացատրվում էր այդ պահին Բաքվի գլխավոր հովանավորի՝ Թուրքիայի հետ ունեցած ծայրահեղ վատ հարաբերություններով: Այժմ իրանա-թուրքական ու իրանա-ադրբեջանական հարաբերությունները նկատելիորեն բարելավվել են, բայց իրանա-հայկական հարաբերություններն էլ չեն վատթարացել: Հիմքեր չկան կասկածելու, որ Իրանը չեզոքություն կպահպանի, միգուցե՝ ավելի հավասարակշռված, քան 90-ականների սկզբին:
Արևմուտքը կլռի
Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա նրա դիրքի վրա կազդեն երկու հակադիր գործոններ՝ հզոր հայկական սփյուռքը (հատկապես ԱՄՆ-ում և Ֆրանսիայում) ու Ադրբեջանի բացառիկ կարևորությունը՝ բազմաթիվ նավթագազային նախագծերի համար: ԱՄՆ-ի, ինչպես նաև եվրոպական երկրների կողմից ղարաբաղյան պատերազմին միջամտելը, ամեն դեպքում, բացառված է: Արևմուտքը միայն Երևանից ու Բաքվից պահանջելու է որքան հնարավոր է շուտ դադարեցնել պատերազմը: Ինչպես, ի դեպ, նաև Ռուսաստանը:
Դրա հետ կապված՝ չի կարելի չնշել, որ Երևանի իրավիճակն անելանելի է: Նա կարող ինչքան ուզում է նեղանալ Մոսկվայից՝ Ադրբեջանին նորագույն սպառազինություններ վաճառելու համար, բայց «ճամբար փոխելու» հնարավորություն չունի: Ռուսաստանը, հավանաբար, չեզոք կմնա, եթե Ադրբեջանը փորձի վերադարձնել Ղարաբաղը, բայց, մոտ 100 տոկոսանոց համանականությամբ, կմիջամտի, եթե հարվածի տակ հայտնվի հենց Հայաստանի տարածքը (անկախ նրանից, թե այդ հարվածը ով կհասցնի՝ Ադրբեջանը, թե Թուրքիան): Իսկ ահա ՆԱՏՕ-ից ուղիղ ռազմական օգնություն ստանալու որևէ հնարավորություն Հայաստանը չունի՝ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում: Ճիշտ է, չի բացառվում, որ դա դեռ բոլորը չեն հասկանում ու 2008 թվականի օգոստոսյան պատերազմի՝ Վրաստանի տխուր ճակատագրի դասերը բոլորը չեն սերտել: Այնուամենայնիվ, իրականությունը հենց այսպիսին է:
Ժամանակը աշխատում է Ադրբեջանի օգտին
Այսպիսով, ինչպես մեկուկես տասնամյակ առաջ, եթե պատերազմ սկսվի, ապա այն կընթանա միայն Ադրբեջանի ու Հայաստանի միջև մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Ղարաբաղի: Ադրբեջանը դեռևս բավարար ուժ չունի՝ հաղթանակ երաշխավորելու համար: Այնուամենայնիվ, ժամանակը միանշանակ աշխատում է Ադրբեջանի օգտին: Ու հենց այդ պատճառով, պատերազմը ներկա պահին ավելի ձեռնու է հայերին: Քանի դեռ կողմերի ուժերը հավասար են, նրանք, պատերազմ սկսելով, կարող են հաղթանակի՝ Ադրբեջանի ռազմական ներուժի նշանակալի թուլացման հույս ունենալ: Ադրբեջանն այն ստիպված կլիներ վերականգնել առնվազն 15-20 տարի:
Այս տարբերակը, սակայն, մեծ թերություններ ունի: Առաջին հերթին, հայկական կողմը որևէ թվային առավելություն չունի, ու որոշիչ հաջողության կարող է հասնել միայն անակնալի գործոնի ամբողջական օգտագործման դեպքում, ինչն ապահովել, կարելի է ասել, անհնար է: Երկրորդը, հայերի համար շատ ծանր կլինեն քաղաքական հետևանքները, քանի որ նրանք կլինեն ագրեսորներ, որոնք հարձակվում են մի տարածքի վրա, որը յուրաքանչյուր տեսանկյունից պատկանում է Ադրբեջանին: Արդյունքում, հայերը կզրկվեն ոչ միայն Իրանի քաղաքական աջակցությունից, այլև, հավանաբար, Ռուսաստանի և Արևմուտքի, ու կկանգնեն Թուրքիայի կողմից ուղղակի միջամտության սպառնալիքի առջև:
Հետևաբար, Հայաստանի ու Ղարաբաղի համար ամենաբարենպաստ տարբերակն է ինչ-որ կերպ հրահրել Ադրբեջանին, որպեսզի նա առաջինը հարձակվի, ու որքան հնարավոր է շուտ: Առավել ևս, Բաքվի «ձեռքերն արդեն քոր են գալիս», ինչի պատճառով կարող է թվալ, թե հաղթանակի համար ուժն արդեն հիմա բավարար է: Իսկ քանի որ դա այդպես չէ, ապա հայերը, գտնվելով ռազմական տեսանկյունից բարենպաստ իրավիճակում, կկարողանան լուծել պատերազմի գլխավոր խնդիրը՝ կկոտրեն Ադրբեջանի հարձակվողական ներուժը: Բացի այդ, երկրորդ պարտությունը զգալիորեն կվատթարացնի Բաքվի քաղաքական դիրքը Ղարաբաղի համար պայքարում: Լեռնային Ղարաբաղն այդժամ բոլորովին չճանաչված երկրից կվերածվի մասնակիորեն ճանաչվածի. նրան, առնվազն, կճանաչի հենց Հայաստանը:
Այսպիսով, կողմերը գտնվում են մի պատերազմի շեմին, որը վաղ թե ուշ սկսվելու է: Հայկական կողմը, սակայն, չի համարձակվում այն սկսել, ինչը թե հոգեբանական, թե քաղաքական տեսանկյունից հասկանալի է: Որոշ ժամանակ անց հնարավորությունը լիովին բաց կթողնվի, որից հետո նախաձեռնությունն ամբողջովին կանցնի ադրբեջանական կողմը: Երևանի համար միակ տարբերակը սպառազինություններ ձեռք բերելու համար շտապ գումար գտնելն է»: