Համաշխարհային բանկն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին առաջարկում է 873 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսական օժանդատկություն՝ Միջազգային զարգացման ընկերակցության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտատարել է ՀԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Նրա խոսքով՝ Հայաստանում որոշակի առաջընթաց գրանցվել է և ավելին պետք է արվի՝ բիզնես միջավայրը կարգավորելու, մրցակությունը ապահովելու համար, որպեսզի այլ երկրներից ներդրումները շատանան:
ՀԲ-ի ներկայացուցիչը նշել է, որ դրամական աջակցությունն ավելացել է, քանի որ Հայաստանի տնտեսությունն աճել է: Լրագրողները միջամտել են՝ ասելով, որ իրականում Հայաստանի տնտեսությունը չի աճել, և, փաստորեն, ՀԲ-ն հավատում է ՀՀ կառավարության ներկայացրած թվերին: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ավելի շատ օգնություն է տրամադրվում այն երկրնրերին, որոնք ավելի վատ պայմաններում են, ուստի Հայաստանի օգնության մեծացումը նոնսենս է, Քերալին պատասխանել է. «Ավելի աղքատ երկրները ավելի էժան վարկեր են ստանում»: Ըստ նրա՝ 2013 թվականի համար նախատեսվում է 3-4 % տնտեսական աճ, իսկ 2014 թվականի համար կանխատեսման փուլը դեռ չի ավարտվել, սակայն մոտավորապես աճը կգնահատվի 4-5%:
Գումարների տրամադրումը նախատեսված է 2014-2017թթ. ՀՀ հետ Բանկի գործընկերության ռազմավարությամբ: Այդ ռազմավարությունը շեշտը դնում է մասնավոր հատվածի կողմից Հայաստանում աշխատատեղերի ստեղծման վրա:
Լրագրողները նաև հարցրել են՝ արդյոք Համաշխարհային բանկը իրավիճակի փոփոխություն չի կանխատեսում՝ կապված Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հետ: Ի պատասխան ասուլիսի մյուս բանախոս, ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին ասել է, որ իրենք հարգում են Հայաստանի որոշումը:
«Մենք սեպտեմբերի 3-ից հետո հանդիպումներ ենք ունեցել ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, և նրանք մեզ վստահեցրել են, որ շարունակելու են աշխատել, որպեսզի բոլոր ոլորտներում մրցակցությունն ապահովվի»,- ասել է նա՝ հավելելով, որ ավիացիայի ոլորտն արդեն բաց է մրցակցության համար:
Լրագրողներից մեկը, սակայն, նկատել է, որ Մաքսային միություն մտնելուց հետո մաքսային տուրքերը մոտ երկու անգամ ավելանալու են: Համաշխարհային բանկի ներկայացուցիչը պնդել է, որ դա դեռ հստակ չէ, և քանի որ Հայաստանը գնտվում է յուրօրինակ դիրքում, սահման չունենալով ՄՄ այլ պետությունների հետ, կարող է օգտագար դիրքում հայտնվել: