Home / Հայաստան / Նախարարությունները չեն կարողանում պարզել՝ ով պետք է վճարի հեռացված աշխատողների գումարները

Նախարարությունները չեն կարողանում պարզել՝ ով պետք է վճարի հեռացված աշխատողների գումարները

Աշխատանքի պետական տեսչության մի խումբ աշխատակիցներ հայտնվել են լուրջ խնդրի առաջ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Թերթի խմբագրություն ահազանգած աշխատակիցները հայտնել են, որ Առողջապահության նախարարությունը տեսչության մոտ 20 աշխատակիցների անհիմն կերպով հեռացրել է աշխատանքից, ավելին՝ մինչ օրս չի վճարել նրանց աշխատավարձը. «Իրենց ծանոթ, բարեկամ մարդկանց են ընդունում, անգամ հղի մի կնոջ էլ են հեռացրել աշխատանքից։ Սա վերաբերմունք չէ, ինչո՞ւ չեն վերահսկում, թե ինչ է կատարվում»։

Պարզաբանում ստանալու նպատակով թերթը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն:

«Մինչ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ ուղարկելը ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատողները եղել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատողներ, հետևաբար նրանց վարձատրությունը պետք է կատարվեր սոցապնախարարության աշխատակազմի կողմից», – պատասխանել են Առողջապահության նախարարությունից։

«Ժողովուրդ»-ը դիմել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից խորհուրդ են տվել դիմել Առողջապահության նախարարություն։

«Մինչ նախարարությունները պատասխանատվությունը գցում են միմյանց վրա, մեզ դիմած ՀՀ քաղաքացիները ստիպված են սոված օր անցկացնել», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում