Ամերիկահայ լրագրող Արա Մանուկյանը հորդորում է բոյկոտել «Հայաստան» համահայկական հիմնադրամը և, քանի դեռ այն կոռումպացված է, չաջակցել դրան: Այս նախաձեռնության մեկնարկի մասին նա ասել է շաբաթ օրն իր հաղորդման ժամանակ: Նշենք, որ Մարաթոնը տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին: Այդ գումարով ախատեսվում է կառուցել Վադենիս-Մարտակերտ ճանապարհը:
«Համահայկական հիմնադրամը ամբողջությամբ կոռումպացված է՝ ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Մենք չենք առաջարկում չնիվարբերել հիմնադրամին, այլ առաջարկում ենք այն ազատել կառավարության վերահսկողությունից: Սերժ Սարգսյանն է այդ հիմնադրամի նախագահը: Սերժ Սարգսյանը Համահայկական հիմնադրամի խորհրդի անդամ է, որը կազմված է Հայաստանի կառավարության անդամներից: Հիմնադրամն այս տեղեկությունը չի տա, բայց սա է իրականությունը», – ասել է նա:
Լրագրողը նկատել է, որ Հիմնադրամը հավաքված գումարները ծախսում է այն ոլորտներում, որտեղ պետք է բարեփոխումներ արվեին կառավարության բյուջեի հաշվին, սակայն դրանք չեն արվում, քանի որ օլիգարխներից հարկեր չեն հավաքվում, միայն 2012 թվականին 750 միլիոն դոլար հարկ չի հավաքվել, ինչը երեք անգամ ավելի է, քան Համահայկական հիմնադրամի ստեղծումից ի վեր հավաքած գումարը:
Նախաձեռնությունն իր կոչը տարածելու համար պիկետներ է անցկացնելու ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում և դադարեցնելու է միայն այն դեպքում, եթե պահանջը բավարարվի, այն է՝ Հայաստանի իշխանությունները պետք է չմասնակցեն հիմնադրամի աշխատանքին:
Մանուկյանը պատահական չի համարել, որ Հայաստանի կառավարությունը դեմ է եղել այս տարի Համահայկական հիմնադրամի հավաքած գումարից տրամադրել սիրիահայերին: Ըստ Մանուկյանի՝ Հիմանդրամի պատճառաբանությունը, թե «չենք կարող Հայաստանից դուրս գումար տալ», հիմնավոր չէ:
«Արցախը ոչ մի կողմից ճանաչված չէ և ՀՀ-ի մաս չէ: Եթե դուք նման օրենքով եք շարժվում, ուրեմն Արցախ էլ չպետք է գնան հիմնադրամի գումարները», – ասել է լրագրողը: