Վարդան Պետրոսյանը վաղը Վերաքննիչ դատարանում նախանշված դատին չի մասնակցի: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` հավելոլվ, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը չի ներում դատարան գալ:
Վաղը` նոյեմբերի 21-ին, ժամը 16:00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է վճռվի նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերանայելու հարցը:
Նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Եվ այժմ հակառակ կողմն է միջնորդություն ներկայացրել` այդ որոշումը վերանայելու հայցով: Դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, և նրան դատարանի դահլիճից շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Իսկ նոյեմբերի 18-ին Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի էլ ավելի վատացման հետևանքով նրան «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել էին «Քանկոր» սրտանոթային բժշկական կենտրոն: Այստեղ 3 օր շարունակվող հետազոտությունների արդյունքում այսօր առավոտյան վճռվել է, որ Վարդան Պետրոսյանին սրտի վիրահատության ենթարկելու անհրաժեշտություն չկա: «Վիրահատության խնդիր չկա, բայց նա այսօր էլ դեռ կմնա բժիշկների հսկողության տակ»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը: