Չորեքշաբթի երեկոյան հայտնի է դարձել, որ Ադրբեջանում ձերբակալվել է Իրանի քաղաքացի, որը կասկածվում է Իսրայելի դեսպանատան ու դրա աշխատակիցների վրա հարձակում կազմակերպելու մեջ: Ինչպես հայտնում է իսրայելական Տասներորդ ալիքը, խուզարկության ժամանակ նրա մոտ հայտաբերվել է Բաքվում Իրանի դեսպանության աշխատակազմի վրա հարձակում կատարելու մանրամասն ծրագիր:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ կասկածյալը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալ է:
Անցյալ ամիս Բաքվի դատարանը Իրանի մեկ այլ քաղաքացու դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ Բաքվում Իսրայելի դեսպանության դեմ ահաբեկչական հարձակում կազմակերպելու համար: Դատապարտյալ Ֆաիզ Բարհամ Հասանը, ադրբեջանական իրավապահ մարմինների տվյալներով, աշխատում էր Իրանի Հետախուզության նախարարությունում ու Բաքու էր ժամանակ 2006 թվականին՝ Իսրայելի դեսպանության դեմ հարձակում կազմակերպելու նպատակով: Նրա ցուցմունքների համաձայն՝ իրեն հանձնարարել էին բողոքի ակցիաներ կազմակերպել Իսրայելի ներկայացուցչության առջև, ֆիզիկական վնաս հասցնել դիվանագիտությանն ու պայթեցնել շենքը:
2013 թվականի մայիսին դատարանը Ադրբեջանի երեք քաղաքացիների մեղավոր է ճանաչել Բաքվում կայացած «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի ժամանակ իսրայելցիների դեմ ահաբեկչական հարձակում կազմակերպելու մեջ: Ֆարիզ Բայրամովն ու Իբրահիմ Սադիգովը դատապարտվել են 11 տարվա ազատազրկման, իսկ Ազեր Նազարովը՝ 12 տարվա ազատազրկման: Բոլոր երեքը համագործակցում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: