Ադրբեջանի ԱԱՆ մեկուսարանում պահվող լրագրող Փարվիզ Հաշիմլիի վիճակը վատ է: Այս մասին Facebook-ի էր էջում գրել է փաստաբան Էլչին Սադիգովը, ով իր պաշտպանյալին այցելել է նոյեմբերի 21-ին:
«Փարվիզին ուզում են հուսահատություն ներշնչել, զրկել ապրելու ցանկությունից: Նա չի ուտում, քանի որ վախենում է իր կյանքի համար: Նա շատ թույլ է ու մտադիր է երկուշաբթի օրվանից հացադուլ սկսել: Փարվիզն ընտանիքի հետ հանդիպում է պահանջում, պայմաններ, որոնք կյանքի համար վտանգ չեն ներկայացնում ու չեն նվաստացում իր արժանապատվությունը, ինչպես նաև ցանկանում է, որ իրեն տեղափոխեն Բաքվի բանտ»,- փաստաբանի խոսքերն է փոխանցում Contact.az կայքը: Փաստաբանը նաև հայտնել է, որ լրագրողի հետ հանդիպումից հետո իր մոտից առգրավվել են բոլոր նշումները:
Հիշեցնենք, որ «Բիզիմ յոլ» (Մեր ճանապարհը) անկախ թերթի աշխատակից ու moderator.az կայքի տնօրեն Փարվիզ Հաշիմլին բերման էր ենթարկվել սեպտեմբերի 17-ին՝ մաքսանենգության ու անօրինական զենք պահելու մեղադրանքով:
Դատարանը Հաշիմլիի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել 2 ամսվա ազատազրկում, իսկ նոյեմբերի 7-ին ազատազրկման ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով:
Լրագրողը հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքներն ու կարծում, որ դրանք կապված են իր մասնագիտական գործունեության հետ: Amnesty İnternational-ը Փարվիզ Հաշիմլիին խղճի գերի է հայտարարել: