Home / Հայաստան / Քաղաքապետարանը վերահաստատել է բնապահպանական դիլետանտությունը. նախաձեռնություն

Քաղաքապետարանը վերահաստատել է բնապահպանական դիլետանտությունը. նախաձեռնություն

Երևանի քաղաքապետարանի բնապահպանական վարչությունն արձագանքել է Երևանի հազարավոր ծառերի սղոցումներին՝ նշելով, որ կատարված բոլոր էտումները նորմալ աճի համարարվող ագրոտեխնիկական միջոցառումներ են:

Այս մասին հայտարարություն է տարածել «Մենք ենք այս քաղաքի տերը նախաձեռնությունը»՝ նշելով, որ դրանով քաղաքապետարանը «վերահաստատում է իր բնապահպանական դիլետանտությունը»՝ հաշվի առնելով հետևյալ փաստերը. նույն Երևանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովում նշված և այլ մասնագետներ բազմիցս մանրամասն ելույթ են ունեցել նման կերպով էտումներ կատարելու անթույլատրելիության մասին:

«Հայտնի է նաև, որ քաղաքապետարանն արհամարհում է այդ կարծիքները, ինչի պատճառով էլ առկա է ներկայիս պատկերը: Բացի դա, մասնագետները կարծիք են հայտնում, որ կանաչ տարածքների պահպանման համար հատկացվող գումարը թեև ավելացվում է, բայց այդ գումարի զգալի մասը օգտագործվում է «կանաչ տարածքների վերացման» համար, քանի որ զանգվածային կերպով կատարվում էին ծառերի խորը էտումներ: Շատ երկրներում ներկայումս ընդհանրապես հրաժարվել էն խորը էտումներից: Երևանի պայմաններում այն կարող է անցկացնել միայն սանիտարական նպատակներով և հնարավորինս  սահմանափակ մասշտաբներով (այդ հարցով բազմիցս դիմել են բուսաբանները): Այս հարցերն արհամարհվում են քաղաքապետարանի կողմից և բյուջեի միջոցները անհայտ նպատակներով են օգտագործվում», – ընդգծում են հայտարարության հեղինակները:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը նաև անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը այն մասին, որ  մինչև դեկտեմբերի 2-ը Երևանի 2014 թ. բյուջեի մասին հանրային քննարկումներ են կազմակերպվելու:

 

«Հայտարարում ենք, որ բյուջեի մասին այդ բաց հանրային քննարկումները ֆիկցիա են, քանի դեռ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է մանրամակրկիտ տեղեկատվություն տրամադրել, թե 2013 թ. ինչի վրա են ծախսվել համայնքային «Կանաչապատում» ՓԲԸ և մյուս կազմակերպություններին տրամադրված գումարները»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ: