Home / Հայաստան / Մեղրիի ավագանու անդամը հրաժարվել է մանդատից ՀԷԿ-ի պատճառով

Մեղրիի ավագանու անդամը հրաժարվել է մանդատից ՀԷԿ-ի պատճառով

Մեղրիում հիդրոէլեկտրակայանի կառուցումը անհնարին համարող ավագանու անդամ Միքայել (Մարատ) Օհանյանը (լուսանկարում) հրաժարվել է իր լիազորություններից: Օհանյանը, ի նշան բողոքի, լքել է քաղաքի ավագանին, նրանից հետո, երբ վերջինս Մեղրիում ՀԷԿ-ի կառուցման մասին որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է meghrinews.com կայքը:

Նոյեմբերի 20-ին Օհանյանը դիմում է հղել Մեղրի քաղաքի իր ընտրողներին, որում նշել է, թե այս տարվա նոյեմբերի 19-ին «կատարել եմ մի արարք, որի մասին պարտավոր եմ տեղեկացնել»:

«Այդ օրը տեղի է ունեցել Մեղրի համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է քաղաքի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու նպատակով հողամասի կատեգորիա փոխելու հարց: Անմիջապես քաղաքի տարածքում ՀԷԿ կառուցելն իմ խորին համոզմամբ նոր խնդիրներ կառաջացնի համայնքի առանց այդ էլ մտահոգիչ բնապահպանական իրավիճակում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որպես ավագանու բնապահպանական հանձնաժողովի նախագահ, տարօրինակ եմ համարել նախ նման հարցի համար ավագանու արտահերթ նիստ գումարելը (թեև օրակարգում այլ հարցեր էլ կային՝ ոչ սկզբունքային նշանակության), ապա՝ կոչ եմ արել գործընկերներիս մերժել քաղաքի տարածքում ՀԷԿ-ի կառուցման համար հողամասի կատեգորիայի փոփոխության վերաբերյալ առաջարկը: Սակայն ավագանու ինն անդամից ութը կողմ է քվեարկել քաղաքապետի առաջարկությանը», – ասված է ավագանու անդամի նամակում:

Օհանյանն ընդգծել է, թե դրանով, փաստորեն, ավագանին հերթական անգամ մեղսակից է դարձել Մեղրիում իրականացվող բնապահպանական աղետաբեր քաղաքականությանը:

«Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ համայնքի ավագանին ի զորու չէ սթափ նայել իրերի դրությանը և պաշտպանելու մեղրեցիների շահերը: Հարցի քննարկումը որերորդ անգամ ցույց տվեց, որ իմ և ավագանու անդամների գերակշռող մասի պատկերացումները Մեղրու առջև ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ սկզբունքային տարբերություններ ունեն  և անհամատեղելի են: Եթե մինչև  հիմա փոքր ՀԷԿ-երը Մեղրիում կառուցել են քաղաքի շրջագծից դուրս, ապա դա ինչ-որ չափով հասկանալի է եղել: Իսկ երբ ՀԷԿ-ը փորձում են կառուցել հենց քաղաքի ներսում, ապա դա որևէ ողջամիտ բացատրություն ունենալ չի կարող»,- ասել է Օհանյանը:

Վերջինիս խոսքով՝ այդ քայլով միաժամանակ փորձել է և տարածքային ու համայնքային, և հանրապետական իշխանություններին «սթափության մղել՝ գոնե հետայսու զերծ պահել Մեղրիում իրականացվող անհեթեթ գործելակերպից»: