Նոյեմբերի 15-ին ՀՀ արդարադատության խորհուրդը որոշում է կայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ արդարադատության խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանին տեղափոխել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների դատարանն այսպիսով համալրվեց ևս մեկ դատավորով, ով աղմկահարույց գործերով խնդրահարույց որոշումներ է կայացրել: Մակյանի անունը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Վահան Խալաֆյանի գործի քննության ժամանակ: Նույն դատարանում են աշխատում նաև Գագիկ Պողոսյանը և Մնացական Մարտիրոսյանը:
Դատավորն ընդդեմ տուժող և մեղադրվող կողմերի
2010 թվականի նոյեմբերի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, շուրջ 5 ամիս քննելով քրեական գործը, հաստատված է համարել Չարենցավանի Ոստիկանության բաժին բերման ենթարկված և ժամեր անց մահացած Վահան Խալաֆյանի ինքնասպանության վարկածը և 8 տարի ազատազրկման դատապարտել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանին, իսկ նույն բաժնի օպեր-լիազոր Մորիս Հայրապետյանի նկատմամբ՝ երկու տարի պայմանական ազատազրկում: Օպեր-լիազորներ Գագիկ Դավթյանին ու Գարիկ Ղազարյանին դատավոր Մեսրոպ Մակյանը անմեղ է ճանաչել:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Հարությունյանի անօրինական գործողություններն են դրդել Խալաֆյանին ինքնասպանություն գործել: Սակայն դատավարության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ասել է, թե քրեական գործի նյութերը վկայում են, որ Վահան Խալաֆյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են, իսկ սպանողն էլ եղել է գործով անցնող չորս ամբաստանյալներից ոստիկանության Չարենցավանի բաժնի օպեր-լիազոր Մորիս Հայրապետյանը: Աշոտ Հայրապետյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը, իր հերթին, հայտարարել է, որ Վահան Խալաֆյանին ոստիկանություն բերման ենթարկելիս, այնուհետև` նրան բաժնում խոշտանգելիս, Մորիս Հայրապետյանը գործել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի տեղակալ Սամվել Տոնոյանի ցուցումներով: Սաֆարյանը դատը նախագահող Մեսրոպ Մակյանից պահանջել է իր պաշտպանյալին արդարացնել:
Մեղադրյալ Աշոտ Հարությունյանի ծնողները դատավարության ընթացքում հանդես են եկել հետևյալ հաղորդագրությամբ.
«2010-ի ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանին ծեծի է ենթարկել ու մահվան հասցրել ոչ թե քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, այլ նույն բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալ Սամվել Տոնոյանը, և դա հայտնի է ինչպես ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցներին, այնպես էլ Չարենցավան քաղաքի բնակչությանը»:
Մակյանն անտեսել է տուժող և մեղադրվող կողմերի ներկայացրած փաստերը:
Դատավորին ձեռնտու եզրակացությունը՝ վճիռ կայացնելու հիմք
Նույն դատավորը 2010 թվականի սեպտեմբերից 2012 թվականի մարտ ամիսը քննել է Խաչիկ Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Հովսեփյանը մեղադրվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանց ապօրինի իրացնելու կամ պատրաստելու մեջ: 2010 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱՆ կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովը եզրակացրել է, որ Հովսեփյանի մոտ հայտնաբերվել է հոգեկան հիվանդություն, ինչից ելնելով նա իր ներկա հոգեվիճակով չէր կարող ղեկավարել իր գործողությունները, հաշիվ տալ դրանց համար և մասնակցել դատավարական գործողություններին: Եզրակացության մեջ խորհուրդ էր տրվել հարկադիր բուժում սահմանել հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում՝ «մինչ վերը նշված ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակից դուրս գալը»:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Հովսեփյանի պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը, դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության եզրակացությունը թե՛ մեղադրողին, թե՛ դատարանին ձեռնտու չէր: Մեղադրողի միջնորդության հիման վրա ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է որոշում` Հովսեփյանի նկատմամբ լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին և փորձաքննության կատարումը հանձնարարել ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, որը նման փորձաքննություն իրականցնելու լիազորություն չունի (դատախազն ու դատարանը տեղյակ չէին դրա մասին): Այնուհետև ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից գործը հետ ուղարկելուց հետո 2011 թվականի հունիսի 7-ին նոր որոշման հիման վրա լրացուցիչ փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովին:
Այս անգամ փորձաքննության իրականացումը հետաձգվել է, և գործը նախարարությունից կրկին վերադարձվել է դատարան, քանի որ դատարանի կողմից սխալ փաստաթղթեր էին ուղարկվել: Խաչատրյանը նշում է, որ, ի վերջո, կայացվել է երեք փորձաքննություն, որոնցից հիմք է ընդունվել մեղադրողին ձեռնտու եզրակացությունը:
2012 թվականի մարտի 30-ին Մեսրոպ Մակյանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի Խաչիկ Հովսեփյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել 8 տարվա ազատազրկման և տուգանքի` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 ՀՀ դրամի չափով:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, որը մերժել վերաքննիչ բողոքը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքը հետ է վերադարձրել:
Գործի ընթացքին հետևող «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպանները նշում են, որ ընդհանուր առմամբ դատավոր Մակյանի կողմից խախտվել են արդար դատաքննության, գործի քննության ողջամիտ ժամկետի և մրցակցության սկզբունքները:
Լուսանկարը՝ Court.am