Home / Տեսանյութեր / Սպառնում է արդյոք Ուկրաինային երկրորդ «նարնջագույն հեղափոխություն»

Սպառնում է արդյոք Ուկրաինային երկրորդ «նարնջագույն հեղափոխություն»

Կիևում ու Ուկրաինայի մյուս քաղաքներում Ուկրաինայի եվրաինտեգրման օգտին անցկացվող բազմահազարանոց հավաքներն ստիպել են հիշել 9 տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունների՝ 2004 թվականի «նարնջագույն հեղափոխության» մասին: Քաղաքական գործիչներն ու փորձագետները համեմատություններ են անցկացնում ու ապագայի համար կանխատեսումներ անում՝ փորձելով հասկանալ՝ արդյոք ներկա իրավիճակը վտանգավոր է իշխանությունների համար:

Կիևում անցկացվող ակցիաները «նարնջագույն հեղափոխությունից» ի վեր ամենազանգվածային ակցիաներն են. տարբեր տվյալներով՝ ակցիաներին մասնակցել է 25-ից 100 հազար մարդ: Ուկրաինայի ընդդիմությունը հույս ունի կրկնել 2004 թվականի սցենարը, երբ Անկախության հրապարակում անցկացված բողոքի ցույցերի արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ (հաղթանակ տարավ Վիկտոր Յուշչենկոն), գրում է Newsru.com-ը:

Կողքից շատ բան հիշեցնում էր 2004 թիվը, վկայում է «Կոմերսանտ-Ուկրաինա»-ի թղթակիցը: Բայց կտրուկ տարբերություններ էլ կային: Ասենք, ցուցարարներից շատերը «նորեկներ» էին՝ մարդիկ, ովքեր չէին մասնակցում 9 տարի առաջ տեղի ունեցած «Մայդանին»: Մասնակիցները չեն հիշատակել նաև այն ժամանակվա կարգախոսը՝ «Ոստիկանությունը ժողովրդի հետ է». եթե անգամ խոսում էին համազգեստավորների հետ, ապա միայն նրանց քննադատելու համար:

Քաղաքական գործիչները, սակայն, խոստովանում են, որ գալիք օրերի իրադարձությունները (բողոքի ցույցերը շարունակվելու են մինչև նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը, որի ժամանակ ծրագրվում էր ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիր կնքել) «2004 թվականի կրկնօրինակը» չեն դառնալու:

Ռուսական «Կոմերսանտ»-ի՝ ցույցերի կազմակերպիչներին մոտ աղբյուրները նույնպես ընդունում են «Մայդան – 2004»-ի կրկնության բարդությունը: Նրանք մի քանի պատճառներ են բերում: Առաջին հերթին՝ այսօր չկա այն զանգվածային ոգևորությունը, որը նկատվում էր 9 տարի առաջ. մարդիկ նոր ցնցումներ չեն ուզում: Երկրորդը՝ ընդդիմադիր գործիչները բաժանված ու մասնատված են ու հազիվ թե ի վիճակի լինեն միասնական թիմ դառնալ:

Երրորդը՝ կիևցիներից շատերին շփոթեցնում է ցույցերին ծայրահեղ ազգայնական «Ազատություն» կուսակցության անդամների ներկայությունը, ովքեր եկել են արևմտյան շրջաններից ու անհաշտ դիրքորոշում ունեն:

Չորրորդը՝ Վիկտոր Յանուկովիչին իշխանությունից ուժով հեռացնելը կարող է երկրում պառակտման հանգեցնել. արևելյան ու հարավային ռուսալեզու շրջանները դժվար թե հետևեն եվրահեղափոխականներին:

Վերջապես, Յանուկովիչն ու նրա թիմը հասկանում են, որ իշխանությունից զրկվելով, նրանք կարող են հայտնվել բանտում՝ այնտեղ փոխարինելով Յուլյա Տիմոշենկոյին: Հետևաբար, նրանք հուսահատ պայքար են մղելու՝ ի տարբերություն 2004 թվականի:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին Ուկրաինայի կառավարությունը դադարեցրեց Եվրամիության հետ Ասոցացման ու ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու նախապատրաստական աշխատանքները: Ի պատասխան՝ եվրաինտեգրման կողմնակիեցները բողոքի ցույցեր են կազմակերպել Կիևում ու երկրի մյուս քաղաքներում: