Դորտմունդի «Բորուսիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, նոյեմբերի 26-ին Չեմպիոնների Լիգայում կարևոր հաղթանակ տարավ իտալական «Նապոլիի» նկատմամբ: Սեփական հարկի տակ մրցակցին պարտության մատնելով 3:1 հաշվով՝ «Բորուսիան» մեծ քայլ առաջ արեց դեպի Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆ փուլ: Այժմ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար «Բորուսիան» պետք է վերջին տուրում մրցակցի հարկի տակ պարտության մատնի խմբի հետնապահ Մարսելի «Օլիմպիկին»:
Դորտմունդցիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Մարկո Ռոյսը, ով 11-մետրանոց հարված իրացրեց, Յակուբ Բլաշիկովսկին և փոխարինման դուրս եկած Պյեր-Էմերիկ Օբամեյնագը: Հենրիխ Մխիթարյանը խախադաշտում 90 րոպե անցկացրեց ու, ի տարբերություն շաբաթ օրը կայացած Մյունխենի «Բավարիայի» հետ խաղի, բավական լավ տպավորություն թողեց: Նա շատ ակտիվ էր, հանդիպման ընթացքում 5 հարված կատարեց դեպի դարպասը, երկու դեպքում հիանալի խաղաց «Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնան, իսկ ևս մեկ անգամ դարպասապահին օգնության հասավ դարպասաձողը: Մխիթարյանը 3 անգամ խախտեց կանոնները, 6 անգամ մրցակիցները խախտեցին կանոնները նրա հետ պայքարում: Բացի դա, հայաստանցի ֆուտբոլիստը խաղի ժամանակ 12312 մետր է վազել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է թիմում:
Խաղից հետո Մխիթարյանի խաղի կապակցությամբ իր գոհունակությունն է հայտնել նաև «Բորուսիա»-ի մարզիչ Յուրգեն Կլոպը, ով նշել է, թե հայաստանցի կիսապաշտպանը նույնքան լավ խաղաց, որքան Գերմանիայի առաջնության «Շալկե 04»-ի հետ խաղում, երբ Մխիթարյանը 2 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել:
E խումբ
Բազել (Շվեյցարիա) – Չելսի (Անգլիա) 1:0
Ստյաուա (Ռումինիա) – Շալկե 04 (Գերմանիա) 0:0
Չելսի – 9 միավոր, Բազել – 8, Շալկե 04 – 7, Ստյաուա – 3
F խումբ
Բորուսիա Դորտմունդ (Գերմանիա) – Նապոլի (Իտալիա) 3:1
Արսենալ (Անգլիա) – Օլիմպիկ Մարսել (Ֆրանսիա) 2:0
Արսենալ – 12 միավոր, Բորուսիա – 9, Նապոլի – 9, Օլիմպիկ – 0
G խումբ
Զենիթ (Ռուսաստան) – Ատլետիկո (Իսպանիա) 1:1
Պորտու (Պորտուգալիա) – Աուստրիա (Ավստրիա) 1:1
Ատլետիկո – 13 միավոր, Զենիթ – 6, Պորտու – 5, Աուստրիա – 2
H խումբ
Այաքս (Հոլանդիա) – Բարսելոնա (Իսպանիա) 2:1
Սելթիկ (Շոտլանդիա) – Միլան (Իտալիա) 0:3
Բարսելոնա – 10 միավոր, Միլան – 8, Այաքս – 7, Սելթիկ – 3