Մոտ 4 ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանը Կարմիր Խաչի միջազգային կոմիետի միջոցով արդեն 4-րդ նամակն է փոխանցել իր հարազատներին: Այս մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Հակոբ Ինջիղուլյանը մասնավորապես, գրել է. «Մամ ջան, պապ ջան, խնդրում եմ շատ մի մտածեք, սա դժվար փորձություն է, որը կհաղթահարենք: Դուք պարզապես հույսով սպասեք»:
Հարություն Ինջիղուլյանը հավելեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այն անդամները, ովքեր տեսակցել են Հակոբ Ինջիղուլյանին, հավաստիացրել են, որ Ադրբեջանում նա կրկին բուժզննում է անցել և առողջական խնդիրներ չունի:
Մոտ 4 ամիս առաջ 22-ամյա ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը դիրքերում ծառայությունն իրականացնելիս տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։
«Կարմիր խաչը հաստատեց, որ նրա մոտ իրոք առողջական խնդիր չկա: Նրանք նաև երաշխավորեցին, որ ոչ ֆիզիկական, ոչ հոգեբանական ճնշումների Հակոբը չի ենթարկվում»,- փոխանցել է Հարություն Ինջիղուլյանը:
Նա թերահավատորեն է մոտենում իր եղբոր՝ երրորդ երկիր տեղափոխվելու ցանկությանը:
«Ես խնդրելու եմ Կարմիր խաչի ներկայացուցիչներին, որ հաջորդ հանդիպմանը նրան փոխանցեն, որ այստեղ իրեն ոչ մի խնդիր և հետապնդում չի սպասվում, առանց վախենալու կարող է հետ գալ»,- ասել է Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը:
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ հայրենիք վերադառնալու դեպքում Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ որևէ հետապնդում չի իրականացվի, քանի որ նա հակառակորդի տարածքում է հայտնվել բացառապես մոլորվելու արդյունքում: