Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է «Մատաղիսի գործով» արդարացվածներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի բողոքն ԱԺ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դեմ: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Արդարացվածները դիմել էին դատարան Գագիկ Ջհանգիրյանի դեմ` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման (վիրավորանքի և զրպարտության համար 300 000-ական դրամ), հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելու և հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջով:
Ջհանգիրյանը տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ասել էր «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «դրանք մարդասպան են» (www.aravot.am) », «դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը» (www.lragir.am): ԱԺ պատգամավորի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Հովսեփյանն էլ պնդել էր, առարկելով. «Ջհանգիրյանն իր կողմից արված հայտարարությունով դիտավորություն չի ունեցել հայցվորներին վիրավորանք հասցնելու և զրպարտելու»:
Վերաքննիչ դատարանը մերժումով ուժի մեջ է թողել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի դատական ակտը, որով ևս բողոքը մերժվել էր: