Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաստատել է մոտ ապագայում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու Ուկրաինայի մտադրությունը։ Այս մասին Յանուկովիչը հայտարարել է Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի լիագումար նիստի ժամանակ, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։
«Ուկրաինան ու Եվրամիությունը դուրս են եկել Համաձայնագրի կնքման եզրափակիչ փուլ։ Համոզված եմ՝ դա նոր էջ կբացի ուկրաինական պետության զարգացման մեջ, որակապես նոր մակարդակի կհասցնի ԵՄ-ի ու անդամ-պետությունների հետ հարաբերությունները։ Ես հաստատում եմ Ուկրաինայի՝ մոտ ժամանակներս Ասոցացման համաձայնագիր ստորագրելու մտադրությունը»,- հայտարարել է Յանուկովիչը։
Նա նշել է, որ Ուկրաինան ու Եվրամիությունն արդեն վեց տարի է ընթանում են բանակցությունների ու փոխզիջումների բարդ ուղղությամբ։ Այս փուլում անհրաժեշտ է միայն մի քանի որոշիչ քայլեր կատարել․ պետք է նախադրյալներ նախապատրաստել, որոնք կապահովեն Համաձայնագրի իրագործման առավելագույն արդյունքները։
Յանուկովիչը համոզված է, որ Ուկրաինան ու ԵՄ-ն արժանապատվորեն կանցնեն այս եզրափակիչ փուլը։ Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը պետք է լինի համատեղ միջոցառումների ծրագրի իրականացումը, որոնք Ուկրաինայի տնտեսությունը կհարմարեցնեն նոր իրողություններին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունը նոյեմբերի 21-ին որոշեց դադարեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ նախապատրաստական աշխատանքները, ինչի հետևանքով Ուկրաինայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր սկսվեցին։