Նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, ելնելով իր սկզբունքներից, հրաժարվում է խոսել իր և իր համախոհի նկատմամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա տեղակալ Հունան Պողոսյանի կողմից կիրառված բռնության մասին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը (լուսանկարում):
Ըստ նրա՝ Հարությունյանն այդ մասին հայտարարություն կանի, երբ անհրաժեշտ կհամարի: Այդ ժամանակ էլ փաստաբանը կբողոքարկի ՀՔԾ-ի որոշումը, որով մերժվել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումը՝ Շանթ Հարությունյանի հայտարարության հիման վրա քննություն սկսելու պահանջով:
«Ընդհանրապես Շանթ Հարությունյանը չէր ցանկանում որևէ որոշում բողոքարկել, քանի որ դա անիմաստ էր համարում: Նա գտնում է, որ իշխանությունները իր հետ կվարվեն այնպես, ինչպես նախապես որոշել են», – ասել է Ինեսսա Պետրոսյանը:
Այնուամենայնիվ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շանթ Հարությունյանը, ով այս պահին պահվում է Նուբարաշենի հոգեբուժարանում, դիմել էր Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով իրեն դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Այսօր փաստաբանն ասել է, որ դեռ չի ստացել ծանուցում Վերաքննիչ դատարանի կողմից քննության օրվա մասին: Ինեսսա Պետրոսյանն ասել է նաև, որ առաջին ատյանի որոշման մեջ իրավական որոշակիություն չկա. չի հիմնավորվել, թե ինչու Շանթը պետք է տարվեր հոգեբուժարան: