Սերժ Սարգսյանի կորտեժը «սիգնալներով» ուղեկցելը արդեն ակնհայտորեն դառնում է բարի ավանդույթ, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Կորտեժի երթևեկը աոանց խոչընդոտների կազմակերպելու համար ՀՀ ճանապարհային ոստիկանությունը բավական երկար ժամանակով փակում է ամբողջական փողոցներ, ու առանց այդ էլ խցանումներով լեցուն Երևանը դաոնում է ընդհանրապես անանցանելի: «Հայկական ժամանակ»-ը նշում է, որ վերջին շրջանում ՃՈ աշխատակիցների կողմից Սերժ Սարգսյանի կորտեժի համար փակված խաչմերուկներում սպասող վարորդները սկսում են «սիգնալ» տալ:
«Երբ այդ մասին մեզ պատմում էին ականատեսները, մեզ թվում էր, թե նրանք մի քիչ չափազանցնում են: Բայց երեկ մեր թղթակիցը ինքն է հայտնվել կորտեժին «համբերատար» սպասող հարյուրավոր վարորդների մեջ և համոզվել, որ ոչ մի չափազանցություն չկա: Երեկ ժամը 13-ին մոտ, երբ Մաշտոց-Պարոնյան խաչմերուկի վրա ճանապարհային ոստիկանները դադարեցրեցին երթևեկությունը՝ ճանապարհը տալով Սերժ Սարգսյանի կորտեժին, սպասող վարորդների սիգնալները մի այնպիսի աղմուկ բարձրացրեցին, որ դա դժվար է նկարագրել։ Զգաստ կանգնած և «չեստ» տված ոստիկանը գլուխը մերթ ընդ մերթ թեքում էր դեպի վարորդներն ու գոռում՝ «սիգնալ չտաք», «ասի սիգնալ չտաք, արա…»։ Դա զվարճացնում էր վարորդներին, որոնք ավելի մեծ հաճույք էին ստանում «սիգնալ» տալուց», – նշում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում