Եվրամիության երկրների առաջնորդները չեն կարողացել Ուկրաինայի ղեկավարությանը համոզել նախաստորագրել Կիևի կողմից ավելի վաղ սառեցված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։
Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեին։
«ԵՄ-ի փաստարկները չհասան Ուկրաինայի նախագահին։ Նրա դիրքորոշումը չի փոխվել»,- հայտարարել է Լիտվայի նախագահը։
Եվրախորհդարանի նախագահ Մարտին Շուլցը, իր հերթին, հայտարարել է, որ հնարավոր է՝ ինչ-որ բան փոխվի՝ [Ուկրաինայի] մեկ այլ նախագահի, մեկ այլ կառավարության դեպքում։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Վիլնյուսում անցկացվող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի պաշտոնական հատվածի մեկնարկից առաջ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու չի ստորագրում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ վստահեցրել է, որ «ամեն ինչ կարգին է լինելու»։ Դրանից հետո Ուկրաինան չի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։
Լուսանկարը՝ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի Twitter-ի էջից