Ռուստամ Իբրագիմբեկովը հրաժարական է տվել Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի նախագահի պաշտոնից։ Այս մասին նա հայտնել է «Ազադլիգ» թերթի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ ինքն արդեն Ազգային խորհրդին ուղարկել է իր հրաժարականի մասին դիմումը։
«Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ ես թողնեմ Ազգային խորհրդի նախագահի պաշտոնը։ Օբյեկտիվ պատճառներով՝ ես արդեն երկար ժամանակ գտնվում եմ Ադրբեջանից դուրս։ Հուսով եմ, որ խորհրդի նախագահի պաշտոնը կստանձնի Ջամիլ Հասանլին։ Նա ապրում է Բաքվում և կարող է անմիջականորեն մասնակցել կազմակերպության գործունեությանը»,- մասնավորապես, գրում է Իբրագիմբեկովը։
Նա նաև նշել է, որ իր հրաժարականն արդեն համաձայնեցրել է Ջամիլ Հասանլիի հետ, ով հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածուն էր։