Երեկ զավեշտալի դեպք է գրանցվել ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագծին՝ քվեարկությամբ ընդունել է այն։ Ավելի ուշ պարզվել է, որ սխալմամբ քննարկման է ներկայացվել նախագծի սևագիր, աշխատանքային տարբերակը, որը հակասող դրույթներ է պարունակում և տրամաբանական սխալներ։ Թերթը նշում է, որ Հանձնաժողովի անդամները դեռևս քննարկման սկզբում ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ, հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանի ուշադրությունը հրավիրել են այն փաստին, որ նախագծի հետ ինչ-որ բան այնպես չէ։
«Սակայն կառավարության ներկայացուցիչը վստահաբար պնդել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը բարելավվել է և ստացել այն տեսքը, որ պիտի ունենար։ Արդյունքում, նրան հաջողվել է համոզել հանձնաժողովի անդամներին, որ «կողմ» քվեարկեն, և երեք ԲՀԿ-ական և մեկ ՀՀԿ–ական պատգամավորներ «կողմ» են քվեարկել։ Ըստ կանոնակարգի՝ ընդունված նախագիծը պետք է ընդգրկվի Աժ առաջիկա քառօրյայի օրակարգ, սակայն կստացվի, որ ինչ-որ մի սևագիր օրենքի ուժ պիտի ստանա։ Այժմ կառավարության և Աժ մասնագետները քննարկում են, թե ինչպես դուրս գան այս իրավիճակից», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում