Եվրամիությունում Հայաստանի ընտրության հետ համակերպվել են, ու ոչ ոք, մեծ հաշվով, չի պատրաստվում խզել համագործակցությունը Երևանի հետ։ Այս մասին Regnum-ի հետ զրույցում նշել է լեհ փորձագետ, Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն Մատեուշ Պիսկորսկին՝ մեկնաբանելով Վիլնյուսում կայացած «Արևելկան գործընկերության» գագաթաժողովի արդյունքները։ Նրա խոսքով՝ Հայաստանն այլ ընտրություն չուներ․ ընտրությունը պատրանք էր, ու բոլորը դա լավ հասկանում էին։
«Եվրամիության՝ 2008 թվականին ստեղծված «Արևելյան գործընկերություն» նախագիծը կարելի է ավարտված համարել»,- հայտարարել է Պիսկորսկին՝ նշելով, որ որպես ԵՄ-ի արտաքին քաղաքականության օրգանական բաղադրիչ՝ հետխորհրդային տարածքի վեց երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա) եվրաինտեգրման նախագիծը ֆիասկո է ապրել։
Փորձագետի խոսքով՝ նման ելքը կանխորոշված էր։
«Հենց սկզբից «Արևելյան գործընկերության» հեղինակները հաշվի չէին առել Ռուսաստանի գործոնը, որը հսկայական քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային ազդեցություն ունի նախագծի բոլոր մասնակիցների վրա։ Արդյունքում, Ռուսաստանի շուրջ սանիտարական շրջափակում ստեղծելու՝ ԱՄՆ-ում մշակված «եվրոպական» նախագիծը ձախողվեց։ Համահեղինակներն իրենց նպատակներին չհասան»,- հայտարարել է Պիսկորսկին։
Այն դիտարկմանը, որ նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Ադրբեջանի ու Եվրամիության միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիր է ստորագրվել, որը դիտվում է որպես լուրջ քայլ միմյանց ընդառաջ, փորձագետը պատասխանել է․ «Դա լուրջ չէ։ Ես վստահ եմ, որ Եվրամիությունը կարող է ընդհանրապես վերացնել վիզան բոլոր երեք անդրկովկասյան պետությունների համար։ Դրանք ԵՄ-ի երկրների համար լուրջ միգրացիոն սպառնալիք չեն ներկայացնում, այդ թվում՝ բնակչության սակավաթվության ու սոցիալ-մշակութային տարբերությունների պատճառով։ Աշխատունակ բնակչության մեծ մասն արդեն աշխատում է արտասահմանում, հիմնականում՝ Ռուսաստանում։ Ցածր լեզվական պատնեշը, համատեղ անցյալն ու մենտալիտետի նմանությունը Ռուսաստանին աշխատանքային կամ մշտական միգրացիայի համար ավելի նախընտրելի են դարձնում։ Հետևաբար, ԵՄ-ի տեսակետից, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի վերացումը ճակատագրական չի լինի»։