Սերժ Սարգսյանն անկեղծորեն ուրախ է ողջունելու ՌԴ Վլադիմիր Պուտինին, ով այսօր Հայաստան է ժամանել պետական այցով: Այս մասին Սարգսյանն ասել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում իր ելույթի ժամանակ։
«Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Մշտապես պահանջվում են նոր մոտեցումներ, որոնք ավելի հեշտ է գտնել միասին՝ ինտեգրացիոն միավորումների և գործընթացների շրջանակներում: Հենց դրանով է պայմանավորված Մաքսային միություն և Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Միասնական տնտեսական տարածք մտնելու Հայաստանի որոշումը:
Անցել է ընդամենը երեք ամիս Մաքսային միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին հայտարարության պահից, սակայն արդեն կատարված է հսկայական աշխատանք: Ընդունված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համապատասխան որոշումը: Ստորագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հուշագիր: Ստեղծված են քսաներկու աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ են տանում անհրաժեշտ միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման ուղղությամբ: Ընդ որում, այսօր արդեն համաձայնեցված են Հայաստանի նկատմամբ երկկողմ կարգով մի շարք կարևոր արտոնությունների և առավելությունների կիրառման մեխանիզմները, որոնք կիրառվում են Մաքսային միության երկրների միջև փոխհարաբերություններում: Ցանկանում եմ դրա համար հատուկ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին: Վլադիմիր Վլադիմիրի, դա իսկական գործընկերոջ և բարեկամի քայլ է: Այն կարևոր նշանակություն ունի հայկական տնտեսության կենսունակությանն աջակցության համար: Շնորհակալություն Ձեզ», – ասել է Սարգսյանը:
Վերջինս նշել է, որ Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է Իրանի և Պարսից ծոցի երկրների շուկա դուրս գալու համար: Հայաստանում գործում է ռուսական կապիտալով մոտ 1300 ձեռնարկություն՝ դա օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ հանրապետության ամբողջ տնտեսվարող սուբյեկտների ավելի քան մեկ քառորդն է:
«Ռուսաստանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է: 2012թ. առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 300 մլն դոլար, ինչը նշանակում է 20 տոկոսանոց աճ՝ 2011թ. համեմատ: Այս տարվա 9 ամիսների ընթացքում մենք հասել ենք միլիարդի սահմանին, ընդ որում Հայաստանից արտահանման մասով աճը կազմել է 24 տոկոս:
Պետրոս Առաջինի ժամանակներից հայերն ավանդաբար փնտրել են առևտրի զարգացման, իրենց բիզնեսի առաջմղման հնարավորություններ Ռուսաստանում: Ե՛վ իրենց աշխատանքով, և՛ ջանքերով նրանք ներդրում են կատարել Ռուսական պետության ամրապնդման գործում: Զորապետից մինչև պետական գործիչ, նկարչից և երգահանից մինչև արդյունաբերող և ձեռնարկատեր, ռուսաստանցի հայերը եղել և մնում են Ռուսաստանի արժանի քաղաքացիներ և իրենց ժողովրդի հավատարիմ որդիներ: Չնայած փոքրաքանակությանը, Հայաստանի ռուսական համայնքը կարևոր դեր է խաղացել և խաղում մեր երկրի կյանքում ամենատարբեր ոլորտներում: Շատ դեպքերում նաև ի շնորհիվ սփյուռքի այդ ջանքերի, մեր երկրների միջև կապերը կրում են այդքան հագեցած, պարբերական և ընդգրկուն բնույթ:
Բայց այդ ուղղությամբ ևս մենք դեռևս շատ բան պետք է անենք: Անթույլատրելի է, որպեսզի, մեր հասարակությունների նույնիսկ ամենաաննշան մասի մոտ ծագի կասկածանքի զգացումներ, այլատյացության կամ ծայահեղականության դրսևորումներ: Մենք երկու ժողովուրդներ ենք, ովքեր մեջք-մեջքի հաղթել են Հայրենական Մեծ պատերազմում, պարտավոր ենք հայտարարել ֆաշիզիմի ցանկացած դրսևորման նկատմամբ զրոյական հանդուրժողականության մասին: Դա հակասում է մեր հասարակությունների և՛ ոգուն, և՛ արժեհամակարգին, դա հակասում է Մեծ Հաղթանակի փառքին և ժառանգությանը:
Մեր երկրների քաղաքացիների նոր սերնդին սպասվում է հայ-ռուսական փոխգործակցությունը շարունակելը, այն նոր նախաձեռնություններով զարգացնելը: Մեր ժողովուրդները, հատկապես՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, պետք է շատ ավելին իմանան միմյանց մասին: Մենք պետք է համատեղ ջանքերով տեղերում ավելի լայն խոսենք մեր ժողովուրդների բարեկամության և եղբայրության մասին, ներառյալ՝ ուսումնական հաստատությունները՝ անցկացնելով պարբերական ուսանողական և երիտասարդական փոխանակումներ ու հանդիպումներ», – վստահություն է հայտնել Սերժ Սարգսյանը: