ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը (լուսանկարում) առաջարկել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում բողոքի համար վճարված մինչև 20000 դրամ պետական տուրքի գումարը այլևս չվերադարձնել: Արդարադատության նախարարը այս փոփոխությունը հիմնավորում է հետևյալով՝ դատարանը մատուցում է ծառայություններ, կկրճատվի անհիմն դիմումների քանակը, բազմաթիվ բողոքներ անհիմն են:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը կարծում է, որ տվյալ փոփոխության ընդունումը կհանգեցնի արդարադատության մատչելիության ուղղակի սահմանափակմանը:
«Դեռևս լուծում չի ստացել փաստաբանների հաշվին բյուջեն լցնելու՝ Արդարադատության նախարարի նախաձեռնությունը, հիմա էլ արդարադատության ոլորտին չառնչվող մեկ այլ հակասահմանադրական նախաձեռնությամբ է հանդես գալիս նախարարը: Կարծես թե Արդարադատության նախարարությունը դարձել է ՊԵԿ-ի կամ Ֆինանսների նախարարության կցորդը՝ բյուջեն լցնելու մասով», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Արայիկ Պապիկյանը:
Ըստ նրա՝ հերթական օրենսդրական նախաձեռնության ներկայացված հիմնավորումներն ուղղակի անհեթեթ և անտրամաբանական են։
«Հանրահայտ է, որ Վճռաբեկ դատարանը՝ ի հեճուկս Սահմանադրական դատարանի որոշումների, բողոքների ճնշող մեծամասնությունն առանց պատճառաբանման վերադարձնում է. միայն չնչին տոկոսն է վարույթ ընդունվում: Միաժամանակ ոչ բոլոր բողոքներն են ներկայացվում փաստաբանների կողմից. անհատ անձինք՝ շարքային քաղաքացիները, ևս ներկայացնում են վճռաբեկ բողոքներ: Ըստ նախագծի տրամաբանության՝ ներկայումս բազմաթիվ բողոքաբերներ, այդ թվում՝ փաստաբաններ, իրենց ժամանակի մի մասը վատնում են «անհիմն դիմումներ» գրելու վրա: Եվ հիմա արդեն, օրենքի փոփոխության ուժով, նրանք այլևս անհիմն դիմումներ չեն գրի, քանի որ պետական տուրքի գումարը չի վերադարձվելու: Զավեշտ չէ, մտահոգիչ է», – նշել է փաստաբանը։
Ինչ վերաբերում է դիմումների կրճատմանը նպաստելու մասին նախարարի հիմնավորմանը, ապա, Պապիկյանի խոսքով, այն միայն զարմանք է առաջացնում. պետական բարձրաստիճան պաշտոնյաներին մտահոգում է ոչ թե դիմումների քանակի կրճատումը՝ դրանց բովանդակային լուծումներ տալու միջոցով, այլ դրանց քանակի կրճատումը՝ մարդկանց համար անհիմն սահամանափակումներ ստեղծելու միջոցով: Սա փաստորեն «զսպաշապիկ է» քաղաքացիների համար՝ «բողոք չգրեք, այն կվերադարձնենք իսկ տուրքը կմնա պետությանը»:
«Աննախադեպ չափերի հասնող աղքատություն ունեցող հասարակության անդամին «սպառնալ»՝ պետական տուրքի գումարը չվերադարձնելով, ոչ թե հասարակական, իրավական կամ սոցիալական խնդիր ենք լուծում, այլ կատարումն ենք հերթական և արդեն սովորական դարձած հակասահամանադրական քայլը։ Որևէ մեկը մտածե՞լ է արդյոք՝ ինչպե՞ս է 15000 դրամ թոշակ ստացողը վճարում 20000 դրամ պետական տուրք», – ասել է Պապիկյանը:
Եթե դատարանի՝ ծառայություն մատուցելու հիմքով տուրքի գումարը «պահվի» բյուջեում, ապա, ըստ փաստաբանի, զուտ ֆինանսական տեսանկյունից նախարարի առաջարկը դարձյալ հիմնավոր չէ: Գաղտնիք չէ, որ բողոքը ներկայացնելու և տուրքը վճարելու պահից սկսած մինչև տուրքի վերադարձման հարցը լուծելը անցնում է նվազագույնը 4-6 ամիս, երբեմն էլ մեկ տարուց ավելի, հաճախ էլ գումարը չի վերադարձվում: Այս ամբողջ ընթացքում բյուջեն տնօրինում է քաղաքացու վճարած 20000 դրամը՝ անտոկոս ու առանց որևէ սահմանափակման:
«Սա էլ, այսպես կոչված, ծառայության հատուցման ավելի քան համարժեք պատասխանը: Իսկ որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե «անհիմն» բողոքների կճրատման հետևանքով բյուջեն որքա՞ն անտոկոս գումարներից է զրկվում:
Եվ ի վերջո, ինչու՞ իմ վճարած 20000 դրամը չի վերադրձվելու, իսկ մեկ այլ անձի վճարած, օրինակ՝ 22000 դրամը պիտի վերադարձվի: Չէ՞ որ երկուսիս էլ «մատուցվել է նույն ծառայությունը». իրականում ոչ մի ծառայություն էլ չի մատուցվել:
Ներկայացված նախագծով, ավելի ստույգ՝ դրա հիմնավորումներով, տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնյաները մտահոգված են ոչ թե արդարադատության մատչելիության, դրա նկատմամբ վստահության բարձրացման, իրավական հասարակարգ կառուցելու հարցերով, այլ անհանգստանում են օրեցօր ավելացող բողոքների քանակից, որն իրենց համար ծանրաբեռնված աշխատանքի պատճառ է դառնում և թույլ չի տալիս հանգիստ աշխատել:
Եթե «հաջողվի» այս նախագիծն անցկացնել, ապա ոչ մի երաշխիք չկա, որ այն չեն տարածի այլ ոլորտներում ևս. դրանք շատ են, չթվարկեմ, կգտնեն», – եզրափակել է Արայիկ Պապիկյանը: