Դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտից սկսած, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ (շուրջ 110 մարդ) Գյումրիում և Երևանում բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ։ Ոստիկանության գործողությունների ապօրինի լինելը տարածած հայտարարության մեջ մեկնաբանել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը։
ՀԱԿ-ը նշում է, որ խաղաղ ցույցերի մասնակից քաղաքացիական ակտիվիստներից զատ, բերման ենթարկվածների մեջ կան լրագրողներ, ինչպես նաև պարզապես կանգառներից ու փողոցներից պատահական մարդիկ։ Կատարվել են խուզարկություններ, ոմանց նկատմամբ կիրառվել են բռնություններ։ Բերման ենթարկվածները ապօրինաբար զրկված են փաստաբանական օգնության հնարավորությունից։
«Ոստիկանության գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումներ։ Այդ գործողություններն անհամաչափ են եւ չեն տեղավորվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում։ Դրանք, ըստ էության, այլ բան չեն, քան մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ և վկայում են ռեժիմի բնազդական վախը քաղաքացիական ակտիվության դրսևորումների նկատմամբ։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանության հակաօրինական գործողությունները, որոնք ուղղված են սեփական քաղաքացիներին սահմանադրական իրավունքներից զրկելուն», – ասված է երեկ երեկոյան տարածած ՀԱԿ-ի հայտարարության մեջ։