Այսօր ԱԺ-ն ընդունել է օրինագիծ, որով վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտը վերադարձնելու դեպքում պետական տուրքը չի վերադարձվելու: Օրինագիծը ներկայացրել է Կառավարությունը, իսկ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ԱԺ-ում զեկուցելով օրինագծի մասին, հայտնել էր, որ մինչև 20000 դրամ պետական տուրքը չվերադարձնելու վերաբերյալ դրույթը կկրճատի վճռաբեկ դատարան մուտք գործող բազմաթիվ անհիմն դիմումների քանակը: Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ վճռաբեկ դատարանի գործառույթը հանրային նշանակություն ունի, այլ ոչ թե կոնկրետ անձանց վեճեր լուծելու: Նշենք, որ օրենքի քննարկմանը ներկա էր ընդամենը 10 պատգամավոր:
Ինչևէ, պատգամավորների և փաստաբանների կարծիքով՝ այս որոշումը ոչ թե վճռաբեկի աշխատանքը թեթևացնելուն է ուղղված, այլ հերթական միջոցն է՝ փող հավաքելու և պետբյուջե լցնելու: Ազգային ժողովում այս օրենքի դեմ է արտահայտվել «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա գնահատմամբ՝ սա Կառավարության կողմից ԱԺ ներկայացրած հապճեպ ընդունման ենթակա օրենքներից է՝ փաստաբանների դեմ, և դա ապացուցում է, որ Արդարադատության նախարարությունը անարդարության նախարարություն է: Փոտանջյանը հիշեցրել է, որ նախարարությունը վերջերս նաև այլ օրենք էր առաջարկել, որով փաստաբանները տարեկան պետք է 60.000 դրամ գումար վճարեն նոր ռեեստրի համար:
Մեկնաբանելով օրենքը՝ փաստաբան Գայանե Խաչատրյանն Epress.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ կառավարությունը արդարադատության նախարարին հանձնարարել է ինչ գնով լինի՝ օրինական թե անօրինական, միջոցներ գտնել բյուջեն լցնելու համար:
«Սկզբից դա փաստաբաններին տարեկան 60 000 դրամ հարկելն էր, հիմա էլ վճռաբեկ բողոքների համար վճարված պետտուրքերը չվերադարձնելն է, որը կարելի է դիտել որպես «խրախուսում» բողոքները վերադարձնելու համար: Ու մի հանգամանք ևս. համաձայն Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի՝ անձը իրավունք ունի միջնորդել պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ նվազեցնելու համար, և ինձ շատ հետաքրքիր է՝ այդ դեպքում վճռաբեկ բողոքը վերադարձնելիս վճռաբեկ դատարանը պետք է առանձին որոշո՞ւմ կայացնի պետտուրքը բռնագանձելու մասին»,- ասել է Խաչատրյանը:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ ներկայացված նախագծով, ավելի ստույգ՝ դրա հիմնավորումներով, տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնյաները մտահոգված են ոչ թե արդարադատության մատչելիության, դրա նկատմամբ վստահության բարձրացման, իրավական հասարակարգ կառուցելու հարցերով, այլ անհանգստանում են օրեցօր ավելացող բողոքների քանակից, որն իրենց համար ծանրաբեռնված աշխատանքի պատճառ է դառնում և թույլ չի տալիս հանգիստ աշխատել: