ՀՀ Կառավարությունն ԱԺ-ին առաջարկում է «Քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարել և 16 տարին լրացած անձանց տրամարդել կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր` 10 տարի ժամկետով: Նոր անձնագրերը ստանալու համար քաղաքացիները պետք է վճարեն 25000 դրամ: 16 տարին լրացած քաղաքացիները և ընտանեկան նպաստի համակարգում ներառված ընտանիքների անդամները անձը հաստատող փաստաթղթերը կստանան առանց պետական տուրք վճարելու:
Օրինագիծը ԱԺ-ում ներկայացնող Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրել է` ինչու է տուրքը այդքան բարձր, ով է իրականացնելու անձնագրի պատրաստումը և արդյոք, ինչպես արագաչափերի դեպքում, այս գործն էլ է իրականացնելու մասնավոր ընկերություն:
Օսիկյանը պատասխանել է, որ 25 հազար դրամ տուրքը պարտադիր է միայն ճամփորդական քարտերի համար, իսկ թանկությունը պայմանավորված է նրանով, որ, անձնագրերը ձեռք բերելով, քաղաքացին ազատվելու է ամեն տարի վճարներ անելուց, որն անհրաժեշտ է երկրից դուրս գալու համար:
«Այո, այս անձնագրերը պատրաստելու է լեհական PW ընկերությունը: Այդ մրցույթն անցկացվել է 3 տարի առաջ և մրցույթին մասնակցում էր մոտ 10 ընկերություն։ Հաղթել է այն ընկերությունը, որն ավելի հարմար գներ է առաջարկել»,- ասել է Օսիկյանը:
Փաշինյանը ցանկացել է իմանալ նաև՝ արդյոք այդ լեհական կազմակերպությունը, որը բավական մեծ գումարներ է հավաքելու անձնագրերի համար, ունի դուստր ձեռնարկություն Հայաստանում, տեղական փայատեր: Օսիկյանը պատասխանել է, որ դուստր ձեռնարկություն Հայաստանում այդ ընկերությունն ունի, սակայն չի պարզաբանել, թե որն է դա և ում է պատկանում: