Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ԱԺ-ին է ներկայացրել «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ: Եթե նախագիծն ընդունվի, 27 տարին լրացած անձինք, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից, գտնվում են Հայաստանից դուրս և քրեական հետապնդման մեջ են, կշարունակեն վերադառնալ Հայաստան և պետտուրք վճարելու դեպքում դատարանի առաջ չեն կանգնի: Նշենք, որ նման օրենք գործում էր, պարզապես դրա ժամկետն ավարտվում էր 2012 թվականի նոյեմբերի 1-ին։ Նախագծի հեղինակներն առաջարկում են տարածել այն նաև մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ը բանակից խուսափածների վրա:
Հրանուշ Հակոբյանը ԱԺ-ում հայտարարել է, որ, բացի նրանից, որ օրենքը կօգնի հազարավոր երիտասրադներին վերադառնալ հայրենք, այն նաև ֆինանսական խնդիր կլուծի. փոխանցված գումարները կօգտագործվեն բանակում ռազմատեխնիկական վերազինում ապահովելու համար: Ըստ Հակոբյանի` մինչ այժմ Հայաստան վերադարձած զինվորական ծառայությունից խուսափողները վճարել են մոտ 2 միլիարդ դրամ: