15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգորցևի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, երեկ առավոտյան ինքնասպանության փորձ է կատարել՝ դանակով կտրելով երկաները։ Արյուն կորցրած կնոջը հարևանները տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո նա տուն է վերադարձել։ Երեկ երեկոյան Epress.am-ի հետ զրույցում Հարությունյանն ասել է, որ նման քայլ է դիմել՝ ի նշան բողոքի քննիչի գործողությունների դեմ, ով դատարանին միջնորդել էր երկարացնել Կունգորցևի կալանքի ժամկետը ևս երկու ամսով։ Նշենք, որ մեղադրյալը պնդում է՝ ինքը սպանության հետ ոչ մի կապ չի ունեցել։
Ավելի վաղ Epress.am-ը գրել էր, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ քննելով քննիչի միջնորդությունը բավարարել է այն։ Այժմ Կարեն Կունգորցևը կալանքի տակ պիտի մնա մինչև 2014 թ. փետրվարի 13-ը: Կունգորցևի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը նշել էր, որ դատարանի որոշումն անհիմն է և պատրաստվում է այն բողոքարկել վերաքննության կարգով:
Այսօր Epress.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Արայիկ Պապիկյանը հայտնել է, որ մանրամասն և լիարժեք ուսումնասիրելով դատարանի կայացրած որոշումը, հանգել է այն եզրակացությանը, որ այն ամբողջությամբ չպատճառաբանված և հիմնազուրկ է:
«Եթե քննիչի միջնորդության առարկայազուրկ հիմքերը ամփոփոված էին մեկ պարբերության մեջ, որը ներկայացվեց հաշվված րոպեների ընթացքում, ապա պաշտպանական կողմի միայն գրավոր առարկությունը ներկայացվել է շուրջ վեց էջերի սահմաններում, իսկ առարկության ներկայացումը կատարվել է ավելի քան մեկ ժամվա ընթացքում:
Լսելով կողմերին՝ դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից հրապարակեց 2 էջանոց որոշում, որի մեկ և կես էջը քննիչի միջնորդության նկարագրությունն է, մեկ փոքր պարբերություն՝ պաշտպանական կողմի առարկությունը և ևս մեկ պարբերություն՝ դատարանի հիմնավորումները», – ասել է Պապիկյանը:
Փաստաբանը նաև նշել է, որ այդ ամենը զարմանալի չէ և բնորոշ է այսօրինակ որոշումների ընդհանուր արատավոր պրակտիկային:
«Զարմանալին այն է, որ դատարանն իր 2013 թ. դեկտեմբերի 5-ի որոշումը՝ Կունգորցևի կալանքի ժամկետը երկարացնելու մասին հիմնավորել է 2013 թ. հոկտեմբերի 13-ի ինչ-որ նյութերով, որոնք լավագույն դեպքում կարող էին ուշադրության արժանի լինել, օրինակ 2013 թ. հոկտեմբերի 14-ին, երբ որոշվում էր Կունգորցևին կալանավորելու հարցը (ի դեպ կալանավորման որոշումը ևս կայացրել է նույն դատավորը), սակայն ոչ՝ կալանքի ժամկետը երկարացնելու ժամանակ: Տպավորություն է ստեղծվել, որ միայն դեպքի օրվա մեկ-երկու նյութերը դատարանի համար բավական են բազմաթիվ անգամներ Կունգորցևի կալանքի ժամկետը երկարացնելու համար: Իմ կարծիքով՝ դատարանի որոշման անհիմն լինելու մյուս ապացույցն էլ այն է, որ դատարանը նշել է, թե քանի որ Կունգորցևը նախկինում դատապարտված է եղել, ապա պետք է նրան պահել կալանքի տակ, որն ուղղակի անթույլատրելի է: Դատարանն իր որոշմամբ ուղղակիորեն խախտեց և անտեսեց Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ:
Կարծում եմ, որ սույն որոշումը միայն ձևական առումով է գտնվում իրավակարգավորման հարթության մեջ. ինչը չեմ կարող ասել դրա էության մասին:
Առաջիկա օրերին կներկայացվի վերաքննիչ բողոք, և հուսով եմ վերաքննիչ դատարանը կկայացնի իրապես օրինական և հիմնավորված դատական ակտ», – ասել է Պապիկյանը:
Ավելի վաղ 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության գործի հետքերով eTV-ի նկարահանող խումբը և գործի դիտարկումն իրականացնող «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպանները մեկնել էին Վանաձոր: Արայիկ Պապիկյանը ներկայացրել էր պաշտպան կողմի տեսակետը, խոսել էր գործում առկա խախտումների մասին:
Մանրամասները՝ eTV-ի տեսանյութում