Վրաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար Ռուսաստանը պետք է երկու պայման կատարի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն՝ խոսելով իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, թե հարաբերությունների ամբողջական կարգավորման համար «Վրաստանը պետք է հաշվի առնի տարածաշրջանում նոր իրողությունները», հայտնում է Georgia Online-ը։
«Վրաստանն էլ ցանկություն ունի վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց դա տեղի չի ունենա առանց Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի դեօկուպացման և դրանց անկախության ճանաչման չեղյալ համարելու։ Եթե այս երկու պայմանները կատարվեն, մենք անմիջապես կվերականգնենք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ․ առանց այս պայմանների կատարման՝ դա աներևակայելի է ու անհնար։ Այս մասին լավ գիտի Ռուսաստանի Դաշնությունը, ու, հետևաբար, [հարաբերությունների վերականգնման] ուղղությամբ ոչինչ չի արվի»,- հայտարարել է Փանջիկիձեն։