Ցանկացած բողոքի ակցիա կայանալու իրավունք ունի, և դրան խոչընտոտելը մարդու սահմանադրական իրավունքի ոտնահարում է: Նման դիրքորոշում է հայտնել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ Epress.am-ի խնդրանքով մեկնաբանելով դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ Երևանում կազմակերպված բողոքի ակցիան:
Արամ Մանուկյանի խոսքով՝ ակցիաներն արթնացնում, շարժում են հասարակությունը, և դրանք անհրաժեշտ են, եթե նույնիսկ ինքը կամ որևէ մեկը չի կիսում ակցիայի նախաձեռնողների կարծիքը:
Գնահատելով ոստիկանության վարքը՝ Արամ Մանուկյանն ասել է, որ իրավապահների գործողություններն անհամաչափ էին: Պատգամավորը, սակայն, այդ օրը որևէ առանձնահատուկ վարք չի նկատել ոստիկանության պահվածքի հետ: Ըստ նրա՝ ոստիկանությունը վերջին բոլոր բողոքի ակցիաներին էլ նույն կերպ է իրեն պահում:
Պուտինի դեմ ակցիայի մասին կարծիք ենք հարցրել նաև ԲՀԿ պատգամավոր էլինար Վարդանյանից: Նա նույնպես նշել է, թե ոստիկանության գործողություններն իրավաչափ չէին:
Էլինար Վարդանյանը կոնկրետ ակցիայից ոչինչ չի ասել, այլ խոսել է ընդհանրապես խաղաղ ցույցեր անելու իրավունքի մասին:
«Ժառանգություն» խմաբկցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Պուտինի այցի օրվա ոստիկանության պահվածքն առանձնացրել է մյուս բողոքի երթերից նրանով, որ Ոստիկանությունը միայն մի բան էր ուզում անել. թույլ չտալ, որպեսզի ռուս պաշտոնյաները տեսնեն հայ քաղաքացիների բողոքը Պուտինի դեմ: