Դեկտեմբերի 9-ին «Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը շուրջ 11 հազար քաղաքացիներ ստորագրություններով դիմում է հանձնելու Վարչական դատարան։ Այս մասին այսօր Еpress.am-ի հետ զրույցում ասել է նախաձեռնության ակտիվիստ Անի Կաղինյանը։ Բոլոր այդ քաղաքացիները դեմ են գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։
Ավելի վաղ նախաձեռնությունը Վարչական դատարանում բողոքարկել էր Հայաստանում գազի և էլէկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ հունիսի 7-ի որոշումը և պահանջել, որպեսզի դատարանում հարցի քննարկումը բոլորի համար բաց և թափանցիկ լինի, իսկ դատարանը կարծիք էր հայտնել, թե խնդիրը հանրային հնչեղություն չունի և մտահոգում է միայն նախաձեռնության կազմակերպիչներին:
Կաղինյանը նշել էր, որ ստորագրահավաքը նպատակ ունի ապացուցել, որ խնդիրն իսկապես հանրային հնչեղություն է ձեռք բերել և բազմաթիվ քաղաքացիներ պատրաստ են պայքարել թանկացման դեմ։
«Նոյեմբերի 22-ին 5130 ստորագրություն ներկայացրինք դատարան և պահանջեցինք, որ որպես երրորդ կողմ ճանաչի այն բոլոր քաղաքացիներին, ովքեր ստորագրել էին, սակայն դատարանը մերժեց մեր միջնորդությունը, մինչդեռ դատարանը որպես երրորդ անձ այս վեճերում ներգրավել էր «ՀայՌուսգազարդ» և «Հայաստանի էլեկրտական ցանցեր» ընկերություններին», – ասել է Կաղինյանը։
Նա նաև նշել է, թե դատարանը պատճառաբանել է, որ որպես երրորդ կողմ ճանաչվելու համար քաղաքացին անձամբ պետք է դիմի դատարան կամ նրանց դատարանը պետք է ներգրավի որպես այդպիսին։ Այնուամենայնիվ, նախաձեռնության անդամներն ավելի մեծ թվով ստորագրություններ են հավաքել և կրկին դչանք ներկայացնելու են Վարչական դատարան։