Home / Տեսանյութեր / Ինչպես են առցանց ԶԼՄ-ները լուսաբանում Հայաստանում մարդու իրավունքները․ զեկույց

Ինչպես են առցանց ԶԼՄ-ները լուսաբանում Հայաստանում մարդու իրավունքները․ զեկույց

Հայաստանյան առցանց լրատվամիջոցները մարդու իրավունքների ոլորտին անդրադառնում են որոշակի իրադարձությունների, ոլորտին առնչվող հայտարարությունների կամ իրավախախտումների դեպքում, մինչդեռ քիչ են լրագրողական հետաքննությունները կամ սեփական արտադրության նյութերը։ Այս մասին վկայում են eTV-ի համար արված «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպության մշտադիտարկման արդյունքները։ «Սոցիոսկոպ»-ն իր առաջին մշտադիտարկումն իրականացրել է օգոստոսի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում։ ՀԿ-ի մասնագետները դիտարկել են 9 կայքերում՝ epress.am, hetq.am, tert.am, lragir.am, news.am, azatutyun.am, galatv.am, aravot.am, Ilur.am հրապարակված մարդու իրավունքների (ՄԻ) ոլորտին առնչվող 1004 հոդված։

Համաձայն զեկույցի` մարդու իրավունքների վերաբերյալ լրագրողական հետաքննությունները կազմում են ՄԻ ոլորտին առնչվող նյութերի ընդամենը 1.7%-ը: Ամենից մեծ թվով հետաքննություններն են անցկացրել galatv.am, hetq.am, epress.am կայքերը:

Ամենից մեծ թվով հոդվածները (368 հոդված) վերաբերել են պետական կառույցների կողմից մարդու իրավունքների խախտումներին: Քաղաքացիական ցույցերի և հավաքների ընթացքում մարդու իրավունքների խախտումներին կամ պաշտպանությանը առնչվող հոդվածները երկրորդ ամենիցհաճախ հանդիպողներն են (251 հոդված): Այսպես՝ մարդու իրավունքներին ԶԼՄ-ները մեծապես անդրադարձել են` Կոմիտասի 5-ի ցույցերը, քաղաքապետարանի դիմաց անցկացվող նստացույցը լուսաբանելով, ինչպես նաև առանձին ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործերի մասին հրապարակումներով, ընդ որում՝ այս դեպքում ամենից շատ հոդվածներ են հրապարակվել Տիգրան Առաքելյանի և Արգիշտի Կիվիրյանի գործերի մասին:

Կայքերի հրապարակումների կիզակետում են եղել իրավապահ մարմինների՝ ամենաշատը՝ ոստիկանության կամայականության դեպքերի լուսաբանումը (նաև կոռուպցիա, ոչ պրոֆեսիոնալիզմ) (304 հոդված)։ Խաղաղ հավաքների իրավունքի վերաբերյալ 110 հոդված է հրապարակվել, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունքին, անմեղության կանխավարկածի իրավունքին առնչվող 109 հոդված։ Դեպքերի մեծ մասում որպես իրավախախտ կողմ նշվում է պետությունը, իսկ հոդվածների մոտավորապես մեկ երրորդում առհասարակ չի նշվում՝ ում կողմից է խախտվել իրավունքը:

Հետաքրքիր է նաև մարդու իրավունքների ոլորտի մասին լրատվության աշխարհագրությունը: Բնականաբար, նյութերի մեծ մասը վերաբերել են Երևանում տեղի ունեցած իրադարձություններին, մինչդեռ երկու մարզերում՝ Արարատում և Արագածոտնում մարդու իրավունքներին առնչվող որևէ հրապարակում չի եղել: Սյունիքի և Տավուշի մարզերին վերաբերող նյութերում հիմնականում արծարծվել են բնապահպանական հիմնախնդիրները:

ՄԻ առնչվող հոդվածների քանակային բաշխումը ԶԼՄ-ում

 

N

%

Epress.am

123

12.3

Tert.am

94

9.4

Lragir.am

113

11.3

News.am

122

12.2

Azatutyun.am

71

7.1

Hetq.am

56

5.6

Galatv.am

136

13.5

Aravot.am

196

19.5

Ilur.am

93

9.3

Ընդհանուր

1004

100

 

Ով է հոդվածում ներկայացված որպես իրավախախտ կողմ

 

 

N

%

Ոստիկանություն

299

29.8

Դատավորներ, դատարաններ

83

8.3

Անհայտ խմբավորումներ (խուժան և այլն)

50

5.0

ՀՀ Իշխանություններ

40

4.0

ՀՀ ՏԻՄ–երի ներկայացուցիչներ

35

3.5

ՀՀ Բիզնես ներկայացուցիչներ

27

2.7

Արդարադատության նախարարություն, բանտերի ադմինիստրացիա

24

2.4

Վարչապետ, կառավարություն, ոչ ուժային նախարարներ

20

2.0

ՀՀ նախագահ

18

1.8

ՀՀ ՊՆ, բանակի սպայական անձնակազմ, զինդատախազ

16

1.6

Դատախազություն, գլխավոր դատախազ

11

1.1

ՀՀԿ

10

1.0

Իրավաբան, փաստաբան

10

1.0

Այլ

57

5.7

Ոչ մի իրավախախտ հերոս

304

30.3

Ընդհանուր

1004

100

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ