Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ըստ էության, հաստատել է Իրանի դեսպանի՝ ուրբաթ օրը արված աղմկահարույց հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունները երբեք չեն բանակցել Իրանի հետ՝ գազ գնելու նպատակով: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ռադիոկայանի կայքը նշում է, որ խոսքը գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքի մասին չէ, որի համաձայն իրանական գազը Երևանի ՋԷԿ-ում վերածում է էլեկտրաէներգիայի, որից հետո այդ էլեկտրաէներգիան ուղարկվում է հետ՝ Իրան։ Խոսքը Հայաստանի սպառողների համար իրանական գազ գնելու մասին է:
«Ազատության» հետ զրույցում Գալուստ Սահակյանը, ով նաև հայ-իրանական միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահն է, պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի իշխանությունները քննարկե՞լ են գազ գնելու նպատակով Իրանի հետ բանակցություններ սկսելու տարբերակը, նշել է. «Դա Հանրապետականը պիտի չքննարկի, Հանրապետականը քաղաքականություն է մշակում… բնականաբար, իշխանության ներսում քննարկման կարևորությունը չեմ տեսնում, եթե հնարավորություն լինի, այսինքն այնպիսի վերլուծություն լինի, որ դա հնարավոր է, բնականաբար, իշխանությունները ոչ միայն կքննարկեն, այլև կդիմեն»։
Իսկ թե ինչո՞ւ Իրանի հետ բանակցությունների հարցն անգամ չի քննարկվել իշխանության ներսում և ինչո՞ւ բանակցություններ չեն վարվել Իրանի հետ, Սահակյանը այսպես է բացատրել. «Ես ինքս անընդհատ փոխհարաբերվում եմ և Իրանի տարբեր դեսպանների հետ փոփոխությունների ժամանակ, նաև Իրանում այդ մասին խոսել ենք, ներքին խոսակցություններ են եղել։ Պաշտոնական բանակցությունները սկսում են այն պահին, երբ ակնկալիք ունես, որ ավելի աճող բիզնեսի առումով բանակցություններ կստանաս։ Երկիրը, որը 550 դոլարով գազ է տալիս այլոց, անհնարին է…, մանավանդ երբ պատժամիջոցներ էին կիրառվում, Թուրքիային 550 դոլարով 1000 խմ-ի դիմաց գազ էր տալիս, մեզ պիտի 150 դոլարո՞վ տար։ Դրանք դիվանագիտական խնդիրներ են։ Եթե ներքին խոսակցությունների ժամանակ ասում են՝ մենք կարող ենք 300-350 տալ, բանակցելու անհրաժեշտություն չի կարող լինել, մանավանդ Իրանի գազը այսօր Հայաստանում է մեկ պայմանով, դրա համար են իրենք համաձայնել, այն ժամանակ չեն համաձայնել, որ մեզ գազ տան, ընդամենը տվել են, որպեսզի էլեկտրաէներգիա ստանան Հայաստանում»։
Հանրապետականի փոխնախագահը հավելել է, որ առաջիկա տարիներին Հայաստանի իշխանությունները կփորձեն «ավելի լուրջ մոտենալ Իրանից գազ գնելու հարցին»։
«Սա նաև ողջունելի պիտի համարել։ Ըստ էության, Իրանի դեսպանը սկիզբ դրեց, որպեսզի մենք առաջիկա տարիներին այդ խնդրին ավելի լուրջ մոտենանք և փորձենք որոշակիորեն բանակցել Իրանի հետ այդ իմաստով»,- ասել է Սահակյանը։