Կիևի ցուրտ փողոցներում պայքարող ուկրաինացի երիտասարդները Եվրոպայի համար նոր պատմություն են գրում, ու Եվրամիությունն իրավունք ունի ու պարտավոր է նրանց սատարել։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
Երկուշաբթի հանդես գալով Միլանում՝ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է․ «Նայեք Ուկրաինային։ Սառնամանիքի պայմաններում պայքարող երիտասարդները Եվրոպայի համար նոր պատմություն են գրում»։
Այս խոսքերից հետո Բարոզուին ընդհատել են երկարատև ծափահարություններով, որից հետո նա շարունակել է․ «Երբ Կիևի ցուրտ փողոցներում տեսնում ենք ԵՄ-ի դրոշները ձեռքներին կանանց ու տղամարդկանց, ովքեր պայքարում են այդ եվրոպական դրոշի համար, դա այն պատճառով է, որ նրանք նաև պայքարում են Ուկրաինայի ու նրա ապագայի համար»։
Նրա խոսքով՝ «ճիշտ չէ, որ զարգացման եվրոպական ուղին նախընտրում են միայն արևմտյան ուկրաինացիները»։
«Ուկրաինացիների մեծ մասը մտահոգված է խաղաղ ու ազատ ապագայի մասին, ու կարծում եմ՝ մեր պարտքն է այսօր դա ճանաչել»,- հավելել է Բարոզուն։