ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանն իր ներկայիս պաշտոնում աշխատում է արդեն 13 տարի՝ 2000 թվականից։ Մինչ այդ նա 4 տարի աշխատել է Նաիրի շրջանի ժողդատարանում որպես դատավոր, իսկ 1986-96թթ․ զբաղեցրել է Նաիրիի շրջանի ԶԱԳՍ-ի վարիչի պաշտոնը։
Սխալ էր հաշվում ազատազրկման ժամկետները
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հակոբ Կարապետյանն ազատազրկման ձևով պատիժը պետք է կրեր նախատեսվածից 2 տարի 5 ամիս ավելի, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` Մանուշակ Պետրոսյանը սխալ էր գումարել մի քանի դատավճիռներով նշանակված ազատազրկման տարիները, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն էլ, անտեսելով այդ փաստը, վերադարձրել է այդ հիմքով բերված վճռաբեկ բողոքը:
Հակոբ Կարապետյանը 2008 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, պատիժը կրել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ 2010 թվականին` պատիժը կրելու ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով (Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) ևս երեք անգամ դատապարտվել է ազատազրկման, և այդ դատավճիռներով նշանակված ազատազրկման տարիներին գումարվել էր նախկին դատավճռով նշանակված պատժի մի մասը և վերջնական նշանակվել ազատազրկում` 7 տարի 2 ամիս:
Հետագայում ԱԺ-ի կողմից 2011 մայիսի 25-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին համապատասխան վերաորակելով Կարապետյանի արարքը` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011 թվականի հուլիսի 20-ի դրությամբ նշանակված պատիժը համարվել է կրած և վերջինիս անհապաղ ազատվել է պատժի կրումից:
Սակայն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը և ՀՀ վճռաբեկ դատարանը դատավճիռները վերանայելուց անտեսել են այն, որ Կարապետյանի ազատազրկման տարիներից անհրաժեշտ է հանել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակված ազատազրկման տարիները, որի արդյունքում երկու տարի հինգ ամիս ավել են հաշվարկել, և Կարապետյանին վերջնական պատիժ են նշանակել ազատազրկում 7 տարի 2 ամիս` 4 տարի 9 ամսվա փոխարեն: Հետագայում՝ փաստաբան Գայանե Խաչատրյանի բազմաթիվ բողոքներից հետո, ազատազրկման տարիները վերանայվել են։ Ինչպես նշում է Խաչատրյանը, բազմաթիվ բողոքներին գործը կարող էր չհասնել, եթե Մանուշակ Պետրոսյանը Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում ուղղեր ստորադաս դատարանի սխալը:
Այլ որոշում կայացնել չէր կարող
2009 թվականի օգոստոսին Վերաքննիչ դատարանը՝ Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, քննել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վերաքննիչ բողոքը ընդդեմ ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի քննիչ՝ Տ.Հարությունյանի 2009 թվականի մայիսի 5-ին կայացրած որոշման։
Քննիչը հանցակազմի բացակայության պատճառով մերժել էր քրեական գործի հարուցումը քաղաքական գործիչ Տիգրան Ուրիխանյանի (ներկայումս ԲՀԿ խմբակցության պատգամավոր) նկատմամբ, որը 2008 թվականի մայիսի 21-ին կրակել էր Դանիելյանի վրա՝ վնասվածք պատճառելով կրծքավանդակի հատվածում:
Մինչ Վերաքննիչ դատարանում բողոքի քննության մեկնարկը, Պետրոսյանը գործով մասնակից քննիչին հանդիմանում էր թույլ տրված սխալների համար, բացատրում սխալների էությունը ու որոշման բողոքարկման կարգը տուժողին ծանուցելու քննիչի պարտականության մասին: Սակայն դատական նիստին, լսելով կողմերին, Պետրոսյանը մերժել է վերաքննիչ բողոքը և հեռացել դատական նիստերի դահլիճից ներողություն խնդրելով ու պատճառաբանելով, որ այլ որոշում չէր կարող կայացնել:
Ամբաստանյալին ոչխար ու անասուն էր անվանում
2011թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել Արմեն Մարտիրոսյանի, Կարեն Կարապետյանի և Պետրոս Հակոբյանի գործով դատական նիստը, որի ընթացքում դատարանի կազմի մեջ գտնվող Մանուշակ Պետրոսյանը վիրավորել է ամբաստանյալնին: Պետրոսյանը պահանջել է ամբաստանյալ Կարեն Կարապետյանից ոտքի կանգնել, ապա կոպիտ տոնով մի քանի անգամ նկատողություն է արել վերջինիս` դատական նիստի ընթացքը խանգարելու համար: Մի քանի րոպե տևած բարձրաձայն խոսակցությունից հետո դատական նիստի քարտուղարը դադարեցրել է նիստի ձայնագրությունը, որի մասին հայտնել է դատավորին։
Ձայնագրությունը դադարեցնելուց անմիջապես հետո Պետրոսյանը սկսել է վիրավորական խոսքերով դիմել ամբաստանյալ Կարապետյանին, մասնավորապես, անվանելով նրան ոչխար և անասուն: Ամբաստանյալներն ու դատավորը սկսել են փոխադարձ վիրավորել միմյանց, որից հետո 5 րոպե ընդմիջում է հայտարարել: 40 րոպե անց դատական նիստը վերսկսվել է արդեն առանց Մանուշակ Պետրոսյանի և հետաձգվել է ամբաստանյալ Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Ռ. Սիրեկանյանի բացակայության պատճառով:
Արմեն Մարտիրոսյանը, Կարեն Կարապետյանը և Պետրոս Հակոբյանը մեղադրվում էին 2009 թվականին կատարած մի շարք ավազակային հարձակումների մեջ: 2011թ. սեպտեմբերի 20-ին Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Մկրտչյանի նախագահությամբ Կարեն Կարապետյանին դատապարտել էր 12 տարվա, Արմեն Մարտիրոսյանը՝ 9 տարվա, Պետրոս Հակոբյանը՝ 11 տարվա ազատազրկման:
Նյութերը տրամադրել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը
Լուսանկարը՝ Court.am