ՀՀ Վճռաբեկ դատարանում ձևավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու հանցավոր և շատ գործուն համակարգ։ Այս մասին ասված է ՄԻՊ-ի հրապարակած ամենամյա զեկույցի «Դատավորների ճնշումներ» բաժնում, որում խոսվում է Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորների» ձևավորված ինստիտուտի մասին։
«Ըստ այդ համակարգի՝ Վճռաբեկի առանձին դատավորներ ունեն իրենց կցված և իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը։ Ստորադաս դատարանի դատավորը իր գործի մասին Վճռաբեկի «զոնալ դատավորներին» տեղեկացնում է անձնական հանդիպումների, հեռախոսազանգերի միջոցով», – ասված է զեկույցում։
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նշում է, որ, բացի զոնալ դատավորների ինստիտուտից Վճռաբեկ դատարանում ներքին հանցավոր «հրովարտակով» հաստատված են այն գործերի տեսակները, որոնցով, մինչև որևէ վճիռ կայացվելը, Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորի» հետ պետք է համնաձայնեցվեն։
«Հարցման ժամանակահատվածում նման գործերի շարքերում են եղել հանրային հնչեղություն ունեցող, զրպարտության կամ վիրավորանքի վերաբերյալ գործերը, քրեական գործերով՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու, սահմանված նվազագույն պատժից ցածր պատիժ նշանակելու, մեղադրական եզրակացությունից շեղվող դատավճիռ կայացնելու դեպքերը, խոշոր կազմակերպությունների մասնակցությամբ գործերը (նման գործերով կարելի է մեծ կաշառքներ վերցնել, այդ պատճառով Վճռաբեկի «զոնալ դատավորը» ցանկանում է գործում ի սկզբանե ներգրավվել)», – նշված է տարեկան ամփոփման մեջ։
Զեկույցում նաև ներկայացված են դատավորների հետ զրույցում վերջիններիս հայտնած գաղտնի տեղեկացումները՝ մասնավորապես նրանցից մեկին մեղադրել են, որ ինքը համարձակվել է «առանց նախապես համաձայնեցնելու և թույլտվություն ստանալու» քննել և որոշում կայացնել միջազգային հնչեղություն ունեցող մի գործի վերաբերյալ։
Նրա նկատմամբ ճնշումներ են կիրառվել, որոնք ազդակ են հանդիսացել նաև գործընկեր դատավորներին, թե ինչ հաշվեհարդար կսպասվի յուրաքքանչյուրին, ով կհամարձակվի շեղվել գոյություն ունեցող «կանոնններից»՝ չկատարելով տրված ցուցումները։
Մեկ այլ դատավորի փոխանցմամբ՝ Վճռաբեկի դատարանի կողմից իրեն տրվել է կրիչի վրա ձայնագրված տվյալ գործով կայացվելիք դատական ակտի տեքստը և հրահանգվել է այն ներկայացնել որպես իր սեփական որոշում։
Այս տարվա ապրիլին Epress.am-ը հրապարակել էր դատավոր Սուրիկ Ղազարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կողմից կատարված ճնշումների մասին հոդվածը, որտեղ մեջբերվում էին հատվածներ ԱՄՆ Պետդեպի զեկույցից։