Home / Հայաստան / Վերջին 10 տարիներին Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, կոռուպցիան չի նվազել․ ԹԻ

Վերջին 10 տարիներին Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, կոռուպցիան չի նվազել․ ԹԻ

Ինչպես և ողջ աշխարհում, Հայաստանում հասարակությունը շատ ավելի լավ է իրազեկված կոռուպցիայի երևույթի մասին, քան տասը տարի առաջ: Այս մասին ասված է Հայաստանում գործող «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը (դեկտեմբերի 9-ին) արված հայտարարության մեջ։ 

«Հակակոռուպցիոն երկու ծրագրերի միջոցառումների (2003-2007 թթ. և 2009-2012 թթ.) իրականացման ընթացքում ընդունվեցին մի շարք օրենքներ և այլ իրավական ակտեր, որոնք ունեն զգալի հակակոռուպցիոն կանխարգելիչ պոտենցիալ: Քաղաքացիներն ավելի ակտիվ են օգտվում տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից: Քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ և շարժումներ ավելի ու ավելի հաճախ են իրենց բարձրացրած հիմնահարցերում տեսնում կոռուպցիոն բաղադրիչի առկայությունը: Շնորհիվ գույքի և եկամուտների հայտարարագրման ավելի մեծ թափանցիկության՝ հանրությունն ավելի հաճախ է սկսել բարձրացնել մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեծ չափերի հասնող ունեցվածքի խնդիրը: Վերջապես, վերջին տարիներին մենք ականատես եղանք նաև կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությանը: 

Դժբախտաբար, ավելի մեծ է ձախողումների և չօգտագործված հնարավորությունների ցուցակը: Շարունակում է ցածր մնալ Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) Հայաստանի ցուցանիշը: Այս տարի այն հավասար էր 36-ի և Հայաստանը այս տարվա ԿԸՀ դասակարգման աղյուսակում ընդգրկված 177 երկրների շարքում կիսում էր 94-101 տեղերը: Եվ եթե այն ԱՊՀ անդամ երկրների թվում լավագույն ցուցանիշն է, ապա Եվրամիության երկրների հետ համեմատելիս ՀՀ-ն զիջում է նույնիսկ Միության անդամներից ԿԸՀ ամենացածր ցուցանիշ ունեցող Հունաստանին (40): Այս համատեքստում խիստ կասկածելի է, որ եվրասիական ինտեգրումը նախընտրած Հայաստանը ապագայում կարձանագրի լուրջ հաջողություններ կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ», – նշում են հայտարարության հեղինակները: 

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ ցուցանիշով Հայաստանը շարունակում է զիջել նաև իր հարևան Վրաստանին (ԿԸՀ 2013 թ. Ցուցանիշը` 49, դասակարգման աղյուսակում կիսում է 55-56 տեղերը), այնինչ 10 տարի առաջ՝ 2003թ.-ին Հայաստանը զգալիորեն առաջ էր Վրաստանից: Իր ԿԸՀ 3.0 ցուցանիշով Հայաստանն այն ժամանակ ԿԸՀ դասակարգման աղյուսակում 133 երկրների շարքում կիսում էր 78-82 տեղերը, իսկ Վրաստանն իր ԿԸՀ 1.8 ցուցանիշով կիսում էր 124-128 տեղերը: 

«Կարելի է արձանագրել, որ անցած տասնամյակը Հայաստանի համար չդարձավ լուրջ ձեռքբերումների տասնամյակ, և չարձանագրվեցին որակական լուրջ դրական փոփոխություններ կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ: Իսկ դա նշանակում է, որ կոռուպցիայի խորքային պատճառները, որոնց մասին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը բազմիցս նշել է իր հայտարարություններում, այդպես էլ չեն հաղթահարվել և իշխանությունների մոտ շարունակում է բացակայել դրանք հաղթահարելու քաղաքական կամքը, իսկ բնակչության անտարբերությունը և հանդուրժողականությունը հասել է ահագնացող չափերի: Այս իրավիճակից դուրս գալը պահանջում է առկա քաղաքական և տնտեսական համակարգերի արմատական փոփոխություն, որին կարելի կլինի հասնել միայն հասարակության ակտիվ պայքարի արդյունքում», – եզրափակում են հայտարարության հեղինակները: