Այն բանից հետո, երբ քաղաքապետարանի որոշմամբ մայրաքաղաքի փողոցները ներկվեցին կարմիր գծանշումներով` վարորդներին ահազանգելով, որ տվյալ տարածքում ավտոմեքենան կայանելու համար անհրաժեշտ է վճարել, քաղաքապետարանում նկատեցին, որ քաղաքում անվճար կայանման տեղ գրեթե չի մնացել, գրում է «Փաստինֆո»-ն՝ նշելով, որ քաղաքային իշխանությունը որոշել է լրացումներ անել 1 տարի առաջ կայացրած այս որոշման մեջ:
Դեկտեմբերի 10-ին նախանշված ավագանու նիստի օրակարգում է նաև ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը հաստատելու մասին որոշումը: Մայրաքաղաքի ղեկավարներն, ամենայն հավանականությանբ, այս ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացել մի շարք գործարարներից ու նաև պետական մարմիններից, որ վճարովի ավտոկայանատեղիներից դուրս ավտոմեքենան կայանելու արգելքի պատճառով իրենց աշխատակիցներն ու հաճախորդները չեն կարողանում ավտոմեքենան կայանելու տեղ գտնել, նշում է գործակալությունը։
Այս նոր որոշման նախագիծը ենթադրում է, որ իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են դիմել քաղաքապետարան և համապատասխան պայմաններ ունենալու դեպքում որոշակի հատվածում անվճար կայանատեղի ունենալու իրավունք ստանալ: Ի դեպ, այս կայանատեղիների տերերն իրավունք չեն ունենա գումար գանձել իրենց տարածքում կայանված ավտոմեքենաներից, բայց իրենք կորոշեն, թե որ ավտոմեքենան իրավունք ունի կայանել այդտեղ: