Նոյեմբերի 15-ին Սարդարապատ և դեկտեմբերի 7-ին Եղեգնուտ գյուղերում հնչած կրակոցները ենթադրել են տալիս, որ մարզի քրեական հեղինակությունները ոտքի են կանգնել, իսկ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այս հարցում ձեռնպահ է մնում գնահատականներ տալուց։ Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը։
Թերթը հիշեցնում է, որ Սարդարապատում հնչած կրակոցների ժամանակ սպանվել էր քրեական հեղինակություն համարվող 41-ամյա Արմեն Եփրեմյանը՝ Թեփ Արմենը: Նրան սպանել էր անհետ կորած «օրենքով գող» համարվող Գոռի հորեղբոր տղան՝ 21-ամյա Նժդեհ Երանոսյանը: Կատարվածը որակվել էր որպես վենդետա: Այս դեպքից մոտ մեկ ամիս անց հերթական կրակոցները հնչեցին մարզում և դարձյալ նույն ձեռագրով՝ այս անգամ Եղեգնուտ գյուղում:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17։45-ին, հրազենային վնասվածքով բուժօգնության էր դիմել 34-ամյա Արայիկ Հովհաննիսյանը, ում վրա կրակել էր, ըստ տարածված լուրերի, Էջմիածնում քրեական հեղինակություն համարվող Մխիթար Գազազյանը՝ շատերին հայտնի «Բուսի տղա Մխո» մականվամբ:
Ըստ «Ժողովուրդի»՝ Արայիկը նույնպես համարվում է քրեական հեղինակություն, նա ապրում է Եղեգնուտ գյուղում։ Թերթի հետ զրույցում Եղեգնուտի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը նշել է, որ իրենց գյուղում քրեական հեղինակություններ չկան, և, առհասարակ, կատարվածը շատ զարմանալի է իր համար։
«Արայիկը նորմալ աշխատող տղա է, գնացել էր Մոսկվա՝ աներոջ մոտ աշխատելու, ու մոտ երկու տարի կլինի, ինչ գյուղ չէր եկել», – ասել է գյուղապետը։
Արայիկ Հովհաննիսյանի քեռին «Ժողովուրդին» ասել է, որ երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում․ նա տեղափոխվել է հիվանդասենյակ, որի մոտ հսկողություն են իրականացնում ոստիկանները։
Մխիթար Գազազյանը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Թերթի տեղեկություններով՝ կրակոցները եղել են կենցաղային, այն է՝ պարտք ու պահանջի դրդապատճառով:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում