Դեկտեմբերի 10-ին աշխարհում նշում են Մարդու իրավունքների միջազգային օրը: 1948 թվականին այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, իսկ 1950 թվականին դեկտեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարվել է Մարդու իրավունքների միջազգային օր:
Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը: Դեկտեմբերի 10-ին Նոբելյան կոմիտեն Օսլոյում հանձնում է Խաղաղության Նոբելյան մրցանակը:
Այս տարի միջազգային հեղինակավոր կազմակերպությունները և Հայաստանում գործող իրավապաշտպան ՀԿ-ները հերթական անգամ արձանագրել են Հայաստանում առկա մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրները։
Դեռևս տարվա սկզբին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ընդգծել էր, որ Հայաստանում 2012թ. մայիսյան ընտրություններում ՀՀԿ-ն պահպանեց խորհրդարանական մեծամասնությունը՝ վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրողների, դիտորդների և լրագրողների ահաբեկման մասին հնչող մեղադրանքների պարագայում: Հղում կատարելով տեղական իրավապաշտպաններին՝ Human Rights Watch-ի ներկայացուցիչները նշել են, որ ոստիկանությունում ձերբակալված անձանց նկատմամբ շարունակվում են խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի դեպքերը:
Ապրիլին հրապարակված ԱՄՆ Պետդեպի զեկույցը նույնպես խիստ գնահատականներ էր պարունակում՝ կապված Հայաստանում դատական համակարգի վերահսկելիության, բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունների և բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու հետ։ Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ ՀՀ իրավապահ մարմիններում օգտագործվում են ծեծը և խոշտանգումները, իսկ բանտերում առկա է լայնածաված կաշառակերություն և վատ սանիտարական պայմաններ։