Այսօր ԱԺ-ում «Կենսաթոշակների մասին» օրենքի քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պարզաբանել է, թե ինչու չի ընդունել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկը կենսաթոշակների բարձրացումը կատարել այնպես, որ մարդիկ գոնե կարողանան հաղթահարել աղքատության ստորին գիծը, որը կազմում է 29800 դրամ:
Նախարարի խոսքով՝ սոցիալական ապահովության համար բյուջեից տրամադրվել է ընդամենը 360 միլիարդ դրամ, ուստի նախարարությունը որոշել է թիրախավորել ցածր կենսաթոշակ ստացողներին:
Ասատրյանը նաև նշել է, որ թեև պատգամավորի առաջարկը չի ընդունվել, սակայն կենսաթոշակների բարձրացման օրենքը ընդունելով աղքատության ստորին շեմը կհատի 50.000 մարդ:
Ըստ նախարարի՝ ծայրահեղ աղքատ թոշակառուներից նաև նրանք կկարողանան հատել աղքատության ստորին գիծը, ովքեր ապրում են աղքատ ընտանիքում, քանի որ նման ընտանիքները ստանում են նաև 16000 դրամ ընտանեկան նպաստ:
Պարզբանումը լսելով ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չստացավ բացատրություն՝ ինչու է իր առաջարկը մերժվել:
Նա նկատել է, որ եթե կառավարությունը չի կարողանում անհրաժեշտ գումար հայթայթել, որպեսզի աղքատության ստորին շեմը հաղթահարվի, ապա դա այն կառավարությունը չէ, որը պետք է Հայաստանին:
«Եթե 11 միլիարդ դրամով բյուջեն պակաս է հայթայթվում, ուրեմն գործ ունենք անարդյունավետ կառավարության հետ: Ուրեմն պետք է թիմ, որը կպայքարի ստվերային տնտեսության, օլիգարխիայի դեմ և կապահովի եկամուտներ, այլապես գնում ենք կոնսերվացման ճանապարհով: Մենք փաստացի աղքատութայն գծի ու սպառողական զամբյուղի հետևից վազում ենք ու չենք հասնում», – ասել է Փաշինյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավորին պատասխանել է Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը. «Ձեր ասած մարաթոնում պետություն չկա, որ կարողանա հատել այդ գիծը: Մենք ընտրել ենք սոցիալական մոդելը, դա արդեն պետք է քաղաքացիներին վստահություն ներշնչի, որ պետությունը պատասխանատու է քաղաքացիների սոցիալական ապահովության համար: Մենք չենք ընդունել անգլոսաքսոնական մոդելը, որի հիմնական գաղափարախոսությունը հետևյալն է՝ դու ծնվել ես, գնա, մտածի քո մասին»: