Կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ները խոսել են ընտանեկան բռնության դեպքերի և վերջին 16 օրվա ընթացքում կանանց նկատմամբ բռնության դեմ անցկացված արշավի մասին։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ մի քանի հասարակական կազմակերպություններ այսօր ամփոփել են նոյմեբերի 25-ին մեկնարկած «Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակ»-ի շրջանակներում անցկացված միջոցառումները։
ՀԿ-ները հիշեցրել են, որ այս տարի միջոցառումների կիզակետում է եղել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունմանն ուղղված արշավը: Օրենքը մերժվել է Արդարադատության նախարարության կողմից, և այժմ օրենքի նախագծի վրա աշխատանքները պետք է շարունակվեն մինչև 2017 թվականը։
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ներկայացուցիչ Անուշ Խաչատրյանը պատմել է, որ օրենքը մերժվել է նաև այն հիմնավորմամբ, թե այն հակասում է Սահմանադրությանը. եթե բռնություն կիրառած անձին դատարանի որոշմամբ տանից դուրս հանեն, կխախտվի նրա սեփականության իրավունքը: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, իր հերթին, շարունակելու է օրենքի ընդունման համար տարվող արշավը։
Ասուլիսի ժամանակ Խաչատրյանը ներկայացրել է կանանց նկատմամբ իրականացվող բռնության վերաբերող վիճակագրական տվյալները։ 2013 թվականի ընթացքում միայն «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն արձանագրել է ընտանեկան բռնության16 դեպք, որոնցից 6-ն ավարտվել են կնոջ մահով, իսկ 8-ը՝ ֆիզիկական բռնությամբ: «Կանանց իրավունքների կենտրոն»-ի նախագահ Սուսաննա Վարդանյանը նշել է, որ իր կազմակերպությունը ստացել է 1344 ահազնագ, բացահայտել է ֆիզիկական բռնության 473, իսկ հոգեբանական բռնության 261 դեպք:
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ից Հասմիկ Գևորգյանը խոսել է 27-ամյա Հասմիկ Խաչատրյանի դեպքի մասին, ով 9 տարի շարունակ բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: Գևորգյանը նշել է, որ եթե ընտանեկան բռնության մասին օրենքը ընդունվեր, կինը կարող էր ապաստարաններում ապրել և ավելի պաշտպանված լինել:
Լրագրողներից մեկը դեպքի մասին հարց է ուղղել ասուլիսին ներկա Հասմիկ Խաչատրյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ էր վերջինս անում, որ ամուսինը տարիներ շարունակ ծեծի էր ենթարկում նրան: Ի պատասխան՝ ՀԿ-ի ներկայացուցիչն ասել է, որ հարցը տեղին չէ, քանի որ չի կարելի մոտենալ այդ խնդրին՝ փորձելով կնոջ մեղքը գտնել: