Home / Տեսանյութեր / «Եթե 1991 թվականին պատժեին կոմունիստներին․․․»․ ԱԺ-ում կրկին խոսեցին բյուջեի մասին

«Եթե 1991 թվականին պատժեին կոմունիստներին․․․»․ ԱԺ-ում կրկին խոսեցին բյուջեի մասին

Աժ-ում այսօր` 2014 թվականի պետական բյուջեի հերթական քննարկման ժամանակ, Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասել է, որ ԱԺ-ից Կառավարությունը ստացել էր բյուջեն փոփոխելու 326 առաջարկ, որոնց մեծ մասը վերաբերել է տարբեր նպատակների համար ֆինանսավորման փոփոխմանը և ավելացմանը: Նախարարի խոսքով՝ 31 առաջարկ ընդունվել է, 208-ին տրվել են պարզաբանումներ, իսկ 87-ը ընդունելի չեն համարվել:

ԱԺ բերված բյուջեի վերջնական նախագծով եկամուտների մասով 1 միլիարդ 390 միլիոն դրամով ավելացնելու են մուտքերը: Ծախսերի ընդհանուր գումարը ևս ավելացվել է: Ելքերի կազմում 29.6 միլիարդ դրամի վերաբախշումներ կարվեն:

Բյուջեի դեմ է քվեարկելու ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն: Կողմ են քվեարկելու և ՕԵԿ-ը:

Վերափոխված նախագծի մասին իր ելույթում «Ժառանգության» խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կառավարության անդամներին անվանել է «գարշահոտ կենդանիներ» և ժողովրդին կոչ է արել ապստամբել:

«Մեր անելիքը այս մարդկանց հեռացնելն է Կառավարությունից, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունից դուրս, նրանց պետք է տեսնել բանտախցում: Եթե 1991 թվականին Հայաստանում գիտակցեին և պատժեին կոմունիստ իշխանությունների որոշ ներկայացուցիչների, եթե մենք ունենաինք լյուստրացիայի մասին օրենք, մենք այսօր այս աղետին չէինք հասնի: Ապստամբությունը՝ 2014 թվականին», – ասել է Փոստանջյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասել է, որ ՀԱԿ-ն այս բյուջեն համարում է խաբեության, պետական թալանի բյուջե: Նա հիշեցրել է նաև, որ Կառավարությունը չի տվել որևէ հիմնավորում ՀԱԿ-ի հարցապնդման դեմ, համաձայն որի բյուջեից թալանվել է 2.5 միլիարդ դոլարի չափով գումար:

Այս ամենին, ըստ Զուրաբյանի, ավելացել է ևս մեկ փաստ, որը Կառավարության դեմ է խոսում. Կառավարությունը 300 միլիոն դոլարի պարտք է կուտակել՝ կապված ռուսական գազի մատակարարման հետ՝ գաղտնի պահելով դա հասարակությունից և ԱԺ-ից:

«Այս բյուջեն կեղծիքի և ապատեղեկատվության վրա է հիմնված»,- իր ելույթում ասել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Նա հերքել է ասեկոսեները, թե ԲՀԿ-ն պատրաստ է որոշ պորտֆելների դիմաց զիջումների գնալ: