Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կոչ է անում Հայաստանի կառավարարության պայմաններ ապահովել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանների և հատկապես կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների ահաբեկումները բացառելու համար, հաղորդում է azatutyun.am-ը։
Բրյուսելում Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստից հետո արված իր հայտարարության մեջ Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նաև կոչ է արել հետաքննել նախկինում տեղի ունեցած դեպքերը և երաշխավորել, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
Հայտարարությունում մեջ նշվում է, որ ԵՄ-ն ամրապնդում է համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ և ավելացնում աջակցությունը՝ հույս հայտնելով հատկապես, որ հիմնարար ազատությունները, մասնավորապես, խոսքի և հավաքների ազատությունները հետագայում ևս կամրապնդվեն:
Ըստ հանձնակատարի հայտարարության` առանձնահատուկ աջակցություն կտրամադրվի Հայաստանում Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմին, որպեսզի այն ամրապնդի իր դերն ու բարեփոխումների գործընթացի դիտարկումը` միաժամանակ լինելով կառավարության հետ կառուցվածքային երկխոսության մեջ:
Շտեֆան Ֆյուլեն որպես ձեռքբերում նշում է անցած տարիների համագործակցությունը և վիզային ռեժիմի դյուրացման և ետընդուման համաձայնագրերի ստորագրումը Հայաստանի հետ, միաժամանակ ընդգծում է, որ այս տարվա համագործակցության խորհրդի նիստի հանդիպումը բովանդակային առումով հաստատապես տարբերվում է նախորդ տարիների հանդիպումներից` կապված Հայաստանի միջազգային նոր պարտավորությունների հետ։