Արդեն երեք օր է, ինչ Խորենացու փողոցում գտնվող Երևանի ոսկու շուկայում ստուգումներ են անցկացվում, որի պատճառն է ոսկու հալման համար օգտագործվող գազի և ջրածնի բալոնների առկայությունը, որոնցով նման շենքային պայմաններում աշխատելն անօրինական է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ոսկերիչները պնդում են, որ առանց այդ բալոնների անհնար է աշխատել։ Ստուգումների մասին կառավարության անցյալ նիստին խոսել էր վարչապետը՝ նշելով, որ դրանք պետք է իրականացվեն, քանի որ քաղաքացիները բողոքում են, թե շուկայի սանիտարական ու հակահրդեհային պայմանները նորմալ չեն։
Ստուգումների պատճառով շուկայի արհեստանոցները փակված են, ոսկերիչները չեն աշխատում։ Թերթի թղթակից այցելել է ոսկու շուկա և զրուցել ոսկերիչների հետ։ Նրանցից մեկը զայրացած ու հուսահատված հայտարարել է, թե գնալու է ու ինքնասպանություն է գործելու, որովհետև տանը սոված երեխաներ ունի, ու Նոր տարվա շեմին քաղցած են մնալու։
Ոսկերիչների խոսքով՝ ստուգումները գրեթե 10 օր են տևելու, այսինքն՝ 10 օր նրանք չեն աշխատելու, մատնվելու են հարկադիր պարապուրդի։ Թերթը նշում է, որ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ոչինչ չի ձեռնարկում ոսկերիչներին օգնելու համար, հակառակը, 30-40 հազար դրամի չափով թանկացրել է տաղավարների վարձերը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ iravaban.net