Լենինի արձանի տապալում, հարյուր հազարավոր ցուցարարներ` դրոշներով, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ու ԶԼՄ-ների գրասենյակներում ոստիկանական ռեյդեր․ սրանք երկրորդական իրադարձություններ են՝ ԵՄ-ի՝ նախկին ԽՍՀՄ երկրների ինտեգրման ձախողված ջանքերի ու Պուտինի՝ Ռուսական կայսրությունը վերականգնելու համարձակ փորձի ֆոնի վրա։ Այս մասին The Wall Street Journal-ում գրում է լրագրող ու հրապարակախոս Էդվարդ Լուկասը։
Ըստ նրա՝ դեպի Արևելք ընդլայնվելը Եվրամիության ամենակարևոր ձեռքբերումներից էր։ 2004 թվականին միասնական Եվրոպային միացած ութ երկրները հաջողության վառ օրինակներ են։ Այդ տրիումֆը, սակայն, հատուկ հանգամանքներում է տեղի ունեցել․ այն ժամանակ եվրոպացիները լիարժեք անդամակցություն էին առաջարկում, Արևելյան Եվրոպայի երկրներն անկեղծորեն ցանկանում էին միանալ Արևմուտքին, իսկ նրանց ղեկավարություններն ու ժողովուրդները հասկանում էին բարդ բարեփոխումների անհրաժեշտությունը։
«Արևելյան գործընկերության» վեց երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) մասին նույնը չենք կարող ասել։
Հեղինակն առանձնացնում է երեք հիմնական կետեր, որոնք չեն նպաստում նրանց առաջխաղացմանը․ խորը բարեփոխումներ անցկացնելու հնարավորությունն այդ երկրներում հավասար է զրոյի, Եվրոպան չի ցանկանում նրանց լիարժեք անդամ դարձնել, իսկ Կրեմլն ուզում է նրանց իր ուղեծրում պահել։
Արդյունքում, «աղետ է հասունանում», գրում է Լուկասը․ եվրոպացիները Բելառուսում ոչնչի չհասան, Ադրբեջանը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցում է ուզում, բայց պատրաստ չէ բարեփոխումների, Հայաստանը մտերմացման փորձ արեց, բայց Կրեմլը թույլ չտվեց, իսկ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը վիլնյուսյան գագաթաժողովի նախօրեին Ռուսաստանից ստացավ առաջարկ, որից չէր կարող հրաժարվել։
Յանուկովիչին արված առաջարկի մանրամասներն աստիճանաբար պարզ են դառնում։ Ամենայն հավանականությամբ, այն ներառում է արտակարգ վարկ առանց խիստ պայմանների ու էժան գազ։ «Դա Կիևի՝ ԵՄ-ի հետ մտերմացումից հրաժարվելու համար ստացած պարգևն է»։ Հեղինակը խոսքով, սակայն, Կիևը չկարողացավ խուսափել նաև պատժից։ «Ուկրաինան խոցելի է Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցների առջև, ու Մոսկվան արդեն մի շարք պատժամիջոներ մտցրել է։ Յանուկովիչի անձնական անվտանգությունն էլ իր դերն ունեցավ․ նա սարսափում է թունավորվելու մտքից ու ամենուր իր հետ բյուզանդական կայսրին արժանի դեգուստատորների շքախումբ է տանում»։
«ԵՄ-ն չի կարող դրա հետ մրցել․ այն չի սպառնում ու չի կաշառում։ Փոխարենը Եվրոպան Ուկրաինային կարող է ազատ առևտուր ու պարզեցված վիզային ռեժիմ առաջարկել։ Կողմերի առաջարկությունները ծանրութեթև անելուց հետո՝ Ուկրաինայի առաջնորդն ընտրեց այն առաջարկությունը, որն իրեն ավելի շատ իշխանություն ու փող էր խոստանում»,- նշում է հրապարակախոսը։
«Այդ որոշումը շփոթեցրեց ԵՄ-ի պաշտոնյաներին։ Նրանք չեն հասկանում Յանուկովիչի նման մարդկանց ու նրանց բարբարոսական վերաբերմունքը քաղաքականության նկատմամբ։ Նրանք Ռուսաստանին էլ չեն հասկանում։ Նրանք տեսադաշտից դուրս են թողել Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնարար դիրքը․ իրեն անվտանգ զգալու համար՝ Մոսկվային աշխարհաքաղաքական բուֆերային գոտի է անհրաժեշտ՝ տնտեսապես թույլ ու քաղաքականապես ճկուն երկրներից կազմված»։
Լուկասի խոսքով՝ Ուկրաինայում ԵՄ-ի անհաջողությունը խայտառակություն է, քանի որ այդ երկրի ապագայից է կախված ամբողջ հետխորհրդային տարածքի ճակատագիրը։ «Եթե Ուկրաինան ընտրի եվրաատլանտյան ուղին, դա կլինի Պուտինի ռեժիմի ու նրա սատրապությունների վերջը։ Նախկին ԽՍՀՄ խոշոր, ուղղափառ, արդյունաբերական երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային հաջողությունը ռուսների համար ազդանշան կլինի, որ իրենց թալանող, հանցավոր ու խաբեբա ղեկավարները երկիրը հզոր չեն դարձնում, այլ խոչընդոտում են դրա զարգացումը»։
«Ուկրաինային, ինչպես նաև Վրաստանին ու Մոլդովային օգնելու համար Եվրոպան կամ ԱՄՆ պետք է Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ դիրքորոշում ընդունեն։ Ժամանակն է Պուտինին ցույց տալ, որ Ռուսաստանի հարևանների դեմ ունեցած որսի լիցենզիան անվավեր է»,- կոչ է անում հեղինակը՝ չհավատալով, սակայն, նման տարբերակի իրատեսական լինելուն։