«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, Երևանի կենտրոնում նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանը երեկ «Նուբարաշեն» հոգեբուժական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա պահվում է գործով որպես մեղադրյալ ներգրավվելուց ի վեր: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, իր պաշտպանյալի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության անցկացումն ավարտվել է, սակայն դեռևս փորձաքննության եզրակացությունը չի կազմվել:
Հարությունյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացրել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Վերջինս բավարարել էր քննչական խմբի ղեկավար Ս.Տոնոյանի միջնորդությունը:
Դատարանի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան՝ բողոքը վերադաս դատարանը քննության կառնի վաղը: