Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի վերջին՝ 6-րդ տուրի առաջին խաղային օրվա ընթացքում հայտնի դարձան ևս երկու թիմեր, ովքեր խաղալու են փլեյ-օֆում։ A խմբում ավելի վաղ 1/8 երզափակչի ուղեգիրը նվաճած «Մանչեսթեր Յունայթեդին» միացավ գերմանական «Բայեր 04»-ը, որը մրցակցի հարկի տակ պարտության մատնեց իսպանական «Ռեալ Սոսյեդադին» 1։0 հաշվով։ Գերմանական թիմին օգնեց հենց «Յունայթեդը», որը սեփական դաշտում պարտության մատնեց Դոնեցկի «Շախտյորին»։
C խմբում «Բենֆիկան» Լիսաբոնում կարողացավ հաղթել ուղեգիրը վաղօրոք նվաճած ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենին», սակայն դա բավական չէր փլեյ-օֆ մտնելու համար, քանի որ հունական «Օլիմպիակոսը» հաղթեց բելգիական «Անդերլեխտին»։ Երկու թիմերն էլ 10-ական միավոր հավաքեցին, բայց անձնական խաղերում «Օլիմպիակոսն» առավելություն ուներ պորտուգալացիների նկատմամբ։
D խմբում ամեն ինչ պարզ էր դեռևս երկու տուր առաջ՝ գերմանական «Բավարիան» և անգլիական «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես նվաճել էին ուղեգրերը։ Վերջին խաղում «Սիթին» մրցակցի հարկի տակ 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ։ Խաղի 12-րդ րոպեին հաշիվն արդեն 2։0 էր հօգուտ գերմանական թիմի, սակայն «Սիթին» իր մեջ ուժ գտավ բեկելու խաղի ընթացքը։ «Բավարիան», այնուամենայնիվ, պահպանեց առաջին տեղը խմբում, քանի որ մրցակցի հարկի տակ անգլիական թիմին հաղթել էր 3։1 հաշվով։ Երրորդ տեղի համար պայքարում, որը Եվրոպայի Լիգայի ուղեգիր է տալիս, չեխական «Վիկտորիան» 2։1 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Երկու թիմերն էլ 3-ական միավոր ունեին, սակայն այստեղ առավելությունը չեխական թիմի կողմն էր, քանի որ անձնական հանդիպումներում մրցակցի հարկի տակ ավելի շատ գնդակ էր խփել (խաղն ավարտվել էր 3։2 հօգուտ ԲԿՄԱ-ի)։
B խմբից 1/8 եզրափակիչ փուլի երկրորդ մասնակիցը հայտնի չդարձավ։ Առաջին տեղն ամրագրած «Ռեալը» վերջին տուրում 2:0 հաշվով հաղթանակ տոնեց «Կոպենհագենի» նկատմամբ, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն, 1 գոլ հեղինակելով, դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարում 9 գնդակ է խփել։
Իսկ ահա «Գալաթասարայ»-«Յուվանթուս» խաղը չավարտվեց։ Առաջին խաղակեսում 0։0 հաշվի ժամանակ սկսեց ուժեղ կարկուտ և ձյուն տեղալ, որն անհնար դարձրեց հանդիպման անցկացումը։ Խաղը կվերսկսվի այսօր 31-րդ րոպեից։ Թուրքական թիմը միայն հաղթանակի դեպքում կարող է շարունակել ելույթները Չեմպիոնների Լիգայում։
Այսօր պայքարի մեջ կմտնի նաև Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիա», որը Մարսելում կխաղա «Օլիմպիկի» հետ։ Հաղթանակի դեպքում, անկախ «Նապոլի»-«Արսենալ» հանդիպման ելքից, «Բորուսիան» 1/8 եզրափակիչ դուրս կգա։
A խումբ
Մանչեսթեր Յունայթեդ – Շախտյոր 1։0
Ռեալ Սոսյեդադ – Բայեր 0։1
Մանչեսթեր Յունայթեդ – 14 միավոր, Բայեր – 10, Շախտյոր – 8, Ռեալ Սոսյեդադ – 1
B խումբ
Կոպենհագեն – Ռեալ 0։2
Գալաթասարայ – Յուվենթուս դադարեցված է, կշարունակվի այսօր
Ռեալ – 16 միավոր, Յուվենթուս – 6, Գալաթասարայ – 4, Կոպենհագեն – 4
C խումբ
Բենֆիկա – Պարի Սեն-Ժերմեն 2։1
Օլիմպիակոս – Անդերլեխտ 3։1
ՊՍԺ – 13 միավոր, Օլիմպիակոս – 10, Բենֆիկա – 10, Անդերլեխտ – 1
D խումբ
Բավարիա – Մանչեսթեր Սիթի 2։3
Վիկտորիա Պլզեն – ԲԿՄԱ Մոսկվա 2։1
Բավարիա – 15 միավոր, Մանչեսթեր Սիթի – 15, Վիկտորիա – 3, ԲԿՄԱ – 3