Շենգավիթ համայնքում գտնվող մանկապարտեզի շենքը վաճառվում է 200 հազար դոլարով։ Այս փաստն արձանագրել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը և նամակ հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
«Տեղեկացնում եմ, որ Երևանի Շենգավիթ վարչական տարածքում Շևչենկո փողոցի N6 հասցեում գտնվող թ.143 մանկապարտեզի տարածքի մասնաշենքերից մեկի վրա գրված է «վաճառվում է» և կա հեռախոսահամար՝ 077 631020: Հեռախոսազրույցից պարզվեց, որ այդ մասնաշենքը սեփականաշնորհված է և վաճառվում է $200.000-ով:
Ինչպես հայտնի է, 2005 թվականից «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով մանկապարտեզների տարածքների վաճառքն արգելվել է:
Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե երբ և ում կողմից է սեփականաշնորհվել այդ տարածքը», – ասված է Բախշյանի հարցման մեջ: